ԱՄՆ իշխանությունները մտադիր են սահմանափակել վեյփերի վաճառքը

10:44   12 սեպտեմբերի, 2019

Միացյալ Նահանգների իշխանությունները ցանկանում են զգալիորեն սահմանափակել բուրումնավետ հավելումներով էլեկտրոնային սիգարետների՝ վեյփերի վաճառքը երկրում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ կատարվում է փաստաթղթավորման աշխատանք, որի համաձայն՝ խանութներից պետք է հանվեն «անանուխի եւ մենթոլային բույրերով» ծխախոտի խառնուրդները, ինչպես նաեւ կոնֆետների, ծամոնի, մրգերի ու ալկոհոլի հոտ ունեցողները։ «Երբ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկման վարչությունն (Food and Drug Administration, FDA) ավարտի փաստաթղթավորումը, մենք կսկսենք հարկադիր բնույթի միջոցներ ձեռնարկել շուկայից այդ արտադրանքը հանելու համար»,- նշել է Ազարը։ Արգելքը չի տարածվի սովորական ծխախոտի համ ունեցող էլեկտրոնային սիգարետների վրա։

Դրանից հետո, ըստ Ազարի, բուրումնավետ խառնուրդներ արտադրողները պետք է դիմեն FDA, որը ստուգում կատարելուց հետո կարող է հավանություն տալ այս կամ այն արտադրանքը շուկա վերադարձնելուն՝ պայմանով, որ այն համապատասխանի օրենսդրությամբ սահմանված բոլոր չափորոշիչներին։

Փաստաթղթի մշակման համար FDA-ին դեռ մի քանի շաբաթ անհրաժեշտ կլինի, որից մեկ ամիս հետո այն կմտնի ուժի մեջ։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում սրվել է բանավեճը՝ արդյո՞ք վեյփերը բացասաբար են ազդում առողջության վրա։ Օգոստոսին Իլինոյս նահանգի առողջապահության դեպարտամենտը գրանցել է երկրում ենթադրաբար աաջին մահվան դեպքը էլեկտրոնային սիգարետ ծխելու հետեւանքով, որը հանգեցրել է ծանր շնչառական հիվանդության։ Այժմ փորձագետները խոսում են արդեն մի քանի մահացածի մասին։ Երկրի իշխանությունները նման հիվանդությունների 450 դեպք են հայտնաբերել 33 նահանգներում, ինչպես նաեւ ամերիկյան Վիրջինյան կղզիներում։



© NEWS.am Medicine