Հայաստան ներմուծվող դեղամիջոցների պիտանիության նվազագույն մնացորդային ժամկետը կհասցվի 6 ամսվա

13:17   12 սեպտեմբերի, 2019

Հայաստան ներմուծվող դեղամիջոցների պիտանիության նվազագույն մնացորդային ժամկետը կկհասցվի 6 ամսվա։ Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում։

Համաձայն Հայաստանի կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի 202-Н որոշման՝ մինչեւ վերջերս Հայաստան ներկրվող դեղամիջոցների պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լիներ ոչ պակաս, քան 1 տարի։ Դա, ինչպես կառավարության նիստում տեղեկացրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկրողներին հնարավորություն չէր տալիս ձեռք բերել եւ երկիր ներկրել ավելի մատչելի գնով դեղեր, որոնց պիտանիության ժամկետը լրանում էր 1 տարուց շուտ։

Նիստում որոշվել է փոփոխություններ կատարել նշյալ որոշման մեջ եւ 6 ամսվա հասցնել պիտանիության նվազագույն մնացորդային ժամկետը։ Դա նշանակում է, որ կարելի կլինի ներմուծել նաեւ դեղեր, որոնց պիտանիության ժամկետը լրանում է 6 ամիս հետո։

Պիտանիության ավելի փոքր մնացորդային ժամկետով դեղամիջոցները, ինչպես նշել է նախարարը, կարելի կլինի ներմուծել հումանիտար եւ բարեգործական ծրագրերի շրջանակում, ինչպես նաեւ պետական կարիքների համար։

Համաձայն նույն որոշման՝ արտադրանքը, որը կարող է օգտագործվել դեղագործության ոլորտում, բայց կոնկրետ դեպքում ներկրվում է այլ նպատակներով, այսուհետ պարտադիր սերտիֆիկացման չի ենթարկվի։ Ինչպես նշել է նախարարը, նույն գիպսը կարող է օգտագործվել դեղագործության մեջ, դրա համար ցանկացած գիպս ներկրող պարտավոր էր սերտիֆիկատ ստանալ, անգամ եթե նրանց գիպսը պետք է օգտագործվեր շինարարությունում։ Այժմ ներկրողներին կազատեն ավելորդ քաշքշուկից, եթե նրանց արտադրանքը նախատեսված չէ դեղագործության ոլորտի համար։



© NEWS.am Medicine