ԱՄՆ-ում գրիպի սեզոնը սկսվել է 4-ամյա տղայի մահվամբ

09:32   13 սեպտեմբերի, 2019

Կալիֆոռնիայում 4-ամյա տղան մահացել է գրիպի թեստի դրական արդյունքից հետո: Սա Ռիվերսայդ շրջանում գրիպի այս սեզոնին առաջին մանկական մահն է, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով շրջանի հանրային առողջապահության աշխատակից Քեմերոն Կայզերին:

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ գրիպը դեռեւս սպանում է,- հայտարարել է նա: - Ես մշտապես մարդկանց խորհուրդ եմ տալիս ամեն տարի գրիպի դեմ պատվաստումներ կատարել, բայց սեզոնի սկզբին մահվան դեպքը ենթադրում է, որ այս տարին սովորականից վատթար է լինելու»:

Գրիպը շնչառական վիրուս է , որը պացիենտների մոտ կարող է առաջացնել թեթեւ կամ ծանր հիվանդություններ, իսկ լուրջ ինֆեկցիաները հանգեցնում են հոսպիտալացման կամ նույնիսկ մահվան:

Լուրջ բարդությունների զարգացման մեծ ռիսկ կա տարեց պացիենտներ, փոքր տարիքի երեխաների կամ որոշակի հիվանդություններով մարդկանց շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) 6-ամսականից մեծ բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել գրիպի դեմ՝ վարակումը եւ դրա հետեւանքով բարդությունները կանխարգելելու համար:

2019 թվականի ապրիլի դրությամբ՝ 2017-2018 թվականների գրիպի սեզոնին ազգային մասշտաբով գրանցվել է երեխաների մահվան ընդհանուր 186 դեպք, որն անցել է նախորդ առավելագույնից՝ 171: Մահվան դեպքերի գրեթե 80 տոկոսը գրանցվել է երեխաների շրջանում, որոնք գրիպի դեմ չէին պատվաստվել:



© NEWS.am Medicine