2-րդ տեսակի շաքարային դիաբետի պատճառը կարող է լինել լյարդում ճարպի կուտակումը

23:49   13 սեպտեմբերի, 2019

Երկրորդ տեսակի շաքարային դիաբետի պատճառը կարող է լինել ճարպի կուտակումը լյարդում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդությունը կարող է առաջանալ անգամ առանց ինսուլինի ռեզիստենտության, գրում է Hightech+-ը՝ հղում կատարելով EurekAlert-ին։

Շաքարի մակարդակն արյան մեջ հիմնականում կարգավորվում է երկու հորմոնով՝ ինսուլինով, որը նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, եւ գլյուկագոնով, որն այն բարձրացնում է։ Այս հորմոնների ազդեցության տակ լյարդը կարեւոր դեր է խաղում գլյուկոզայի կարգավորման մեջ՝ դրա արտադրման եւ վերաբաշխման միջոցով։

Լյարդի բջիջների միտոխոնդրիաների, ճարպակալման եւ դիաբետի միջեւ կապը բացատրելու համար գիտնականները կենտրոնացել են OPA1 սպիտակուցի վրա, որն աջակցում է միտոխոնդրիաների կառուցվածքին։ Դրա համար դրանք անջատել են մկների մոտ եւ հետեւել հետեւանքներին։

Առանց OPA1-ի լյարդը կորցնում էր գլյուկոզա արտադրելու կարողությունը մի քանի շաբաթում, ցույց են տվել հետազոտությունները։

Երբ OPA1-ը վերադարձնում էին, միտոխոնդրիաները վերականգնում էին իրենց նորմալ մորֆոլոգիան, բայց ոչ ակտիվությունը, ընդգծել են հեղինակները։

Հետո գիտնականները սկսել են հետեւել առողջ կրծողներին եւ հայտնաբերել, որ դրանց լյարդը գլյուկոզա արտադրել է անկախ հորմոնալ գործոններից։ Ճարպի ավելցուկի պարագայում լյարդում գլյուկոզայի նման վերարտադրությունը կարող է հանգեցնել դիաբետի։

«Մեր եզրակացություններն օգնում են բացատրել երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացումը լյարդի ճարպային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ, ինսուլինի ակնհայտ անհավասարակշռությունից բացի»,- ասել են հեղինակները։

Այժմ գիտնականները մտադիր են շարունակել փորձը եւ մոդելավորել հիվանդության զարգացումը կենդանիների մոտ այս սցենարով։



© NEWS.am Medicine