Տղամարդը կաթվածահարվել է մանկական խաղահրապարակում գլխով փափուկ կառուցվածքին հարվածելուց հետո (ֆոտո)

11:59   16 սեպտեմբերի, 2019

Հարավային Ուելսից 31-ամյա Էշլի Հուփերը պարանոցից ներքեւ կաթվածահարվել է մանկական կենտրոնում մագլցման փափուկ կառուցվածքին գլխով հարվածելուց հետո, որտեղ խաղում էր իր հնգամյա դուստր Լոտիի հետ:

The Daily Mail-ը հայտնում է, որ հարվածի ժամանակ տեղի է ունեցել ողնաշարի կոմպրեսիոն կոտրվածք, որը տղամարդուն գրեթե ամբողջությամբ կաթվածահարել է: Վնասվածքը ստանալուց հետո նրան տեղափոխել են հիվանդանոց եւ շտապ վիրահատել. հեռացրել են մի քանի ոսկորներ, որ նվազեցնեն ճնշումը, եւ դրել են մետաղական ձող, որը կպահի պարանոցը:

Անկողնային ռեժիմի 6 շաբաթից հետո Էշլիի վիճակը բարելավվել է. հիմա նա կարողանում է շարժել ոտքերը եւ ոտքերի մատները: Բժիշկների խոսքով՝ նման դեպքերում վերականգնման արագությունն ամբողջությամբ կախված է կոնկրետ մարդուց: Էշլիի ընտանիքը նրա լիակատար առողջացման հույս ունի:

Կենտրոնի աշխատակիցները, որտեղ այս միջադեպը տեղի է ունեցել, Էշլիի ընտանիքին օգնելու համար ավելի քան 500 ֆունտ են հավաքել:

 



© NEWS.am Medicine