Հեպատիտ C ունեցող մարդկանց երիկամները կարող են փոխպատվաստման համար պիտանի լինել

14:17   16 սեպտեմբերի, 2019

Հեպատիտ C ունեցող մարդկանց երիկամները կարող են փոխպատվաստման համար պիտանի լինել: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American Society of Nephrology ամսագրում:

Երկար ժամանակ բժիշկները վախենում էին հեպատիտով վարակված դոնորների օրգաններ փոխպատվաստել, քանի որ դա կարող էր վնասել ընդունողին: Սակայն 2015-2019թթ. անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հեպատիտ C ունեցող դոնորների երիկամները կարող են նորմալ գործել չվարակված մարդկանց մոտ եւ չհանգեցնել վարակման:

Այդ հետազոտության արդյունքները թույլ են տվել ավելի շատ քանակությամբ դոնորական օրգաններ օգտագործել, եւ ավելի շատ պացիենտներ են փրկվել: Այս մասին ասել է Պերելմանի բժշկական դպրոցի (Փենսիլվանիա) երիկամաբան Վիշնու Փոթլուրին: Հայտնի է, որ երիկամների 40%-ը, որը վերջին 2 տարվա ընթացքում ձեռք է բերվել հեպատիտ C վիրուսով վարակված ամերիկացիներից, ուտիլիզացիայի է ենթարկվել:

Գիտնականները մտադիր են շարունակել փոխպատվաստված երիկամների ֆունկցիաների հետազոտությունները եւ պարզել՝ ինչպիսին կարող է լինել ընդունողի իմունային համակարգի արձագանքը եւ ինչ կողմնակի էֆեկտներ կարող են արտահայտվել:

Հիշեցնենք, որ հեպատիտ C-ն լյարդի ինֆեկցիոն հիվանդություն է, որը զարգանում է հեպատիտ C վիրուսով վարկման արդյունքում: Հիվանդությունը ողջ աշխարհում տարեկան 350 000 կյանքեր է խլում:   



© NEWS.am Medicine