Ամենեւին պարտադիր չէ Е վիտամինից հետո ճարպ ուտել. հետազոտություն

17:31   16 սեպտեմբերի, 2019

Е վիտամինը ճարպալուծվող է, բայց դրա յուրացման համար ամենեւին պարտադիր չէ ընդունելուց հետո ճարպ ուտել կամ խմել: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The American Journal of Clinical Nutrition ամսագրում:

Հետազոտության առաջատար հեղինակ, Օրեգոն նահանգի համալսարանից Մարեթ Թրաբերի խոսքով՝ նույնիսկ եթե Е վիտամին ընդունելուց հետո 12 ժամ քաղցած մնաք, այնուհետեւ յուղով սնունդ ընդունեք, վիտամինը, միեւնույն է, կյուրացվի:

Գիտնականները հետազոտության ընթացքում 18-40 տարեկան ճարպակալմամբ տառապող կանանց խմբին տվել են Е վիտամինի նշանակիր դեյտերիում (ծանր ջրածին)՝ ինչպես խմելու միջոցով, այնպես էլ ներերակային ներարկմամբ: Ստացած չափաքանակի մի մասը չի նյութափոխանակվում եւ օրգանիզմից դուրս է գալիս, որի քանակությամբ կարելի է հասկանալ, թե օրգանիզմն, այնուամենայնիվ, որքան Е վիտամին է յուրացրել: Մասնակիցները Е վիտամին ընդունելուց հետո խմել են հեղուկ սնունդ, որը պարունակել է 40 տոկոս ճարպ կամ ճարպ չի պարունակել: Այնուհետեւ գիտնականները փորձել են որոշել ճարպի դերակատարումը Е վիտամինի յուրացման գործում:

Պարզվել է, որ Е վիտամինը, հայտնվելով աղիների բջիջների մեջ, կարող է 12 ժամից ոչ պակաս այնտեղ «սպասել» սնունդի հաջորդ ընդունմանը: Ուստի այս վիտամինն ընդունելուց հետո իմաստ չունի շտապել անմիջապես ինչ-որ յուղոտ բան ուտել կամ խմել:

Հիշեցնենք, որ Е վիտամինը (հայտնի է նաեւ որպես ալֆա-տոկոֆերոլ) օրգանիզմում մեծ թվով կարեւոր ֆունկցիաներ է կատարում: Այն հայտնի է նաեւ որպես ուժեղ հակաօքսիդանտ: Խորհուրդ է տրվում օրական 15 մգ Е վիտամին գործածել:

Այս վիտամինը պարունակվում է առավելապես ձիթապտղի յուղի, նուշի, արեւածաղկի սերմերի, կանաչ տերեւավոր բանջարեղենի եւ ավոկադոյի մեջ:



© NEWS.am Medicine