Գերմանական հիվանդանոցում միանգամից մի քանի երեխա է ծնվել ձեռքի դաստակի դեֆորմացիայով

15:09   18 սեպտեմբերի, 2019

Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում «Սուրբ Մարիա» հիվանդանոցում այս տարվա հունիսից մինչեւ սեպտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում 3 երեխա է ծնվել ձեռքի դաստակի դեֆորմացիայով: Երեխաների մոտ նորմալ վիճակում է եղել նախաբազուկը, սակայն երկուսի մոտ թերզարգացած են եղել ձեռքի ափերն ու ձախ ձեռքի մատները, իսկ երրորդի մոտ՝ աջ ձեռքի մատները:

Հիվանդանոցի ներկայացուցիչների խոսքով՝ բժիշկները զարգացման նման արատների չեն հանդիպել երկար տարիներ եւ զարմացել են, երբ կարճ ժամանակահատվածում նման արատով միանգամից 3 երեխա է ծնվել: Հիվանդանոցի տվյալներով՝ երեխաների 1-2%-ը ծնվում է զարգացման արատներով:

Հետաքրքիր է, որ այդ երեխաների ընտանիքների միջեւ «էթնիկ, մշակութային կամ սոցիալական» որեւէ կապ չի եղել, սակայն բոլոր նրանք բնակվում են նույն շրջանի տարածքում:

Հիվանդանոցում ենթադրել են, որ հղիության ժամանակ վերջույթների դեֆորմացիան կարող է առաջանալ վարակների կամ տարբեր տեսակի թունավոր նյութերի պատճառով: Ինչպես նաեւ չի բացառվում ամնիոտիկ ձգանների համախտանիշը:

Քյոլնից մանկաբարձուհի Սոնյա Լիգգետտ-Իգելմունդը Süddeutsche Zeitung պարբերականին պատմել է, որ նման դեֆորմացիաները հանդիպում են «այնքան հազվադեպ», որ 3 նման դեպք մի քանի ամսվա ընթացքում «չափազանց շատ է»: Հարցազրույցից հետո նրա հետ կապ են հաստատել գերմանական շատ ընտանիքներ, որոնց երեխաները ծնվել են նման արատներով: 

Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի առողջապահության նախարարությունը CNN-ին պատմել է, որ մասնագետներն այժմ կոնտակտ են հաստատում բժշկական ասոցիացիաների, դաշնային կառավարության եւ այլ դաշնային հողերի հետ՝ տեղի ունեցածի հնարավոր պատճառները պարզելու համար:    



© NEWS.am Medicine