Աղջիկը որոշեց անդամահատել առողջ ոտքը մշտական ցավերի պատճառով

16:15   18 սեպտեմբերի, 2019

22-ամյա Հելենա Սթուոնը Լոնդոնից որոշեց անդամահատել առողջ ոտքը քրոնիկական ցավի պատճառով, որը վաղուց արդեն նրան հանգիստ չէր տալիս։

6 տարի առաջ կայակով լողալու ժամանակ նավակը շրջվել էր, եւ աղջիկն ուժեղ հարվածել էր ոտքը։ Նրա ոտքն սկսել էր ցավել, բայց բժիշկներն ասել էին, որ դա ընդամենը վնասվածք է, եւ մի երկու շաբաթ հետո ամեն բան լավ կլինի։

Սակայն ժամանակն անցնում էր, բայց ցավը՝ ոչ։ Հելենայի խոսքով՝ նա այնպիսի զգացողություն ուներ, ասես ոտքի մեջ շիկացած լար են մտցնում։ Երբեմն նա ոռնում էր ցավից եւ թավալ տալիս հատակին։ Միեւնույն ժամանակ, ոտքի հետ կապված որեւէ խնդիր բժիշկները չեն հայտնաբերել, ոտքն առողջ էր։

Տարիների ընթացքում ցավն ուժեղանում էր, այնպես, որ Հելենան չէր կարողանում ինքնուրույն քայլել եւ անգամ ցնցուղ ընդունել։ Այդ ժամանակ էլ նա շատերին զարմացրած որոշում կայացրեց՝ անդամահատել կարծես թե առողջ ոտքը։

Ներկայում աղջիկը հիվանդանոցում է, նա ստիպված կլինի վարժվել հենակներով, իսկ հետո՝ պրոթեզով քայլելուն։ Փոխարենը ցավն անցել է, եւ Հելենան վստահ է, որ շուտով նորից կկարողանա զբոսնել սիրելի կայակով։



© NEWS.am Medicine