Գիտնականները եզակի ռոբոտներ են ստեղծել, որոնք սնուցվում են մարդկային օրգանիզմի ռեսուրսներից

17:20   18 սեպտեմբերի, 2019

Իլինոյսի համալսարանի մասնագետները փափուկ ռոբոտացված սարքեր են մշակել, որոնք սնուցվում են նեյրոմկանային տարրերից եւ արձագանքում լուսային ազդեցությանը: Դրանք հնարավոր կլինի օգտագործել տարբեր ոլորտներում՝ կենսաինժեներիայից մինչեւ բժշկություն:

Xinhua-ի հաղորդմամբ՝ գիտնականները փորձարկել են 2 «պոչով» ռոբոտների, որոնք սնուցվում են շարժական նեյրոններով խթանվող կմախքային մկաններից, որոնք կարող են ազդանշան տալ մկաններին լույսի ազդեցության ներքո:

Այդպիսով, ճկուն համակարգ է ստեղծվել, որում ռոբոտը, մկանները, նեյրոններն ու լույսի աղբյուրը փոխկապակցված են: Այդ համակարգը ռոբոտին ստիպում է շարժվել գիտնականների ցանկությամբ: Գիտնականները համակարգչային մոդելներ են օգտագործել՝ հասկանալու համար, թե ֆիզիկական ինչ բնութագրեր են ռոբոտին թույլ տալիս առավել արդյունավետ շարժվել:

Փորձագետների կածիքով՝ դա կենսահիբրիդային նեյրոմկանային տարրեր ստեղծելու ուղղությամբ առաջին քայլն էր: Դրանք կարելի է օգտագործել բազմաբջիջ կենդանի համակարգերի կառուցման համար, որոնք կարող են արձագանքել շրջակա միջավայի փոփոխություններին: Այդ մշակումների կիրառման ոլորտները բազմազան են՝ կենսաինժեներիա, բժշկություն, ինքնավերականգնվող նյութերի տեխնոլոգիաներ: 



© NEWS.am Medicine