Ծանր հաճախասրտություն ունեցող պացիենտների համար անսպասելի լուծում է հայտնաբերվել

21:38   18 սեպտեմբերի, 2019

Սրտի համար մեկ ճառագայթման մեծ չափաբաժինը կարող է օգնել ծանր հաճախասրտության (տախիկարդիայի) ժամանակ: Նման անսպասելի լուծում են առաջարկել Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները:

Xinhua-ի հաղորդմամբ՝ այդ միջոցն արդեն փորձարկել են փորոքային հաճախասրտություն ունեցող պացիենտների վրա: Եվ պացիենտների մոտ 80%-ի մոտ կրճատվել են հաճախասրտության դրվագները: Արդյունքը պահպանվել է թերապիայից հետո առնվազն 2 տարի: Մեկ տարի անց ապրելիության ցուցանիշը հասել է 72%-ի, իսկ 2 տարի անց՝ 52%-ի:

Ճառագայթումն անցկացվում է տոմոգրաֆիայի եւ ԷՍԳ-ի կիրառմամբ: Սկանավորումը թույլ է տալիս հստակ սահմանել սրտի հատվածում խնդիրները: Ճառագայթումը տեւում է ավելի քան 10 րոպե: Ընդ որում, չի պահանջում ո՛չ անեսթեզիա, ո՛չ հոսպիտալացում, եւ պացիենտը կարող է դուրս գրվել թերապիայից անմիջապես հետո:

Դեռեւս հայտնի չէ՝ երբ գործնականում կկիրառվի այդ միջոցը:



© NEWS.am Medicine