Կանադայում բացահայտվել է վեյփի հետեւանքով առաջացած թոքերի ծանր հիվանդության առաջին դեպքը

11:57   19 սեպտեմբերի, 2019

Կանադացի բժիշկների կարծիքով՝ բացահայտել են թոքերի ծանր հիվանդության առաջին դեպքը, որի պատճառը վեյփի չարաշահումն է, հայտնում է CBC-ն:

Պացիենտը դեռահաս է, որը թոքերի ծանր բարդությամբ ընդունվել է Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքի հիվանդանոց: CBC-ի տեղեկություններով՝ պացիենտն ամեն օր վեյփ է գործածել: «Չնայած դեռեւս վերջնականապես չենք կարող ասել, որ այս երիտասարդի մոտ առաջացած շնչուղիների հիվանդությունը վեյփինգի ուղղակի հետեւանք է, սակայն այս դեպքում այլ պատճառ պարզապես չի որոշվում»,- հայտարարել է բուժհաստատության ներկայացուցիչ Քրիս Մակին:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ բուժման կուրսից հետո դեռահասը սկսել է առողջանալ, նրան հիվանդանոցից դուրս են գրել:

Սա կդառնա Կանադայում պաշտոնապես գրանցված առաջին դեպքը, երբ էլեկտրոնային ծխախոտ ծխելը թոքերի հիվանդություն է առաջացրել: Սեպտեմբերի 18-ին Օնտարիոյի առողջապահության նախարարությունը նահանգի բուժհաստատություններին հանձնարարել է հայտնել թոքերի հիվանդությունների բոլոր դեպքերի մասին, որոնք կարող են կապված լինել վեյփի գործածման հետ:

Հիշեցնենք, որ ամերիկյան Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները ԱՄՆ-ում 5  մարդու մահ են գրանցել, որոնք ծխել են էլեկտրոնային ծխախոտ: Երկրի 33 նահանգներում, ինչպես նաեւ Ամերիկյան Վիրջինյան կղզիներում ընդհանուր գրանցվել է հիվանդությունների շուրջ 450 դեպք, որոնք ենթադրաբար առաջացել են վեյփ ծխելու պատճառով: Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից այս կենտրոնները սկսել են մանրակրկիտ վերլուծության ենթարկել թոքային հիվանդությունները՝ ստուգելու համար դրանց կապը էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետ:



© NEWS.am Medicine