Հորմոնային հակաբեղմնավորիչները կապում են շաքարախտի զարգացման վտանգի հետ

19:21   20 սեպտեմբերի, 2019

Հորմոնային հակաբեղմնավորիչների օգտագործումը եւ առավել երկարատեւ դաշտանային ցիկլերը կապված են 2-րդ տիպի շաքարախտի զարգացման բարձր ռիսկի հետ։ Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը ներկայացվել է Բարսելոնայում կայացած Դիաբետի ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա համաժողովում։

Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ սեռական հասունացումը  եւ ուշ դաշտանադադարը կապված են այդ հիվանդության զարգացման առավել ցածր ռիսկի հետ։

Հետազոտությունն անցկացվել էր ֆրանսիական Բոբինյի քաղաքի Ավիցենայի անվան հիվանդանոցի բժիշկ Սոպիո Տատուլաշվիլիի ղեկավարությամբ։ Նպատակը զանազան հորմոնալ գործոնների եւ 2-րդ տիպի շաքարախտի զարգացման միջեւ կապի որոշումն էր։ Դրա համար մասնագետները ուսումնասիրել էին 83 799 ֆրանսուհիների տվյալները՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ մարմնի զանգվածի ինդեքսը, ծխելը, տարիքը, ֆիզիկական ակտիվությունը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը, կրթության մակարդակը, 2-րդ տիպի շաքարախտի ընտանեկան  անամնեզը եւ արյան ճնշումը։

Հետազոտության համաձայն, ուշ սեռական հասունացումը (14 տարեկանից բարձր տարիքում՝ համեմատած մինչեւ 12-ը տարեկանը) 12 տոկոսով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը, իսկ դաշտանադադարի համար առավել մեծ տարիքը (52 տարեկան եւ բարձր՝ համեմատած 47-ի հետ) այդ ռիսկը նվազեցնում է 30 տոկոսով։ Երեխային կրծքով կերակրելը նույնպես 10 տոկոսով նվազեցնում է շաքարախտի զարգացման ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր երբեք կրծքով չեն կերակրել։

Հետաքրքիր է, որ ամբողջ կյանքի ընթացքում ամենաշատ թվով դաշտանային ցիկլերը  (ավելի քան 470՝ համեմատած 390-ի հետ) կապված են եղել 2-րդ կարգի շաքախտի զարգացման 25 տոկոսով նվազման հետ։ Սեռական հորմոնների երկարատեւ ազդեցությունը  (38 տարի՝ սեռական հասունացման եւ դաշտանադադարի միջեւ՝ համեմատած 31 տարվա հետ) շաքարախտի զարգացման ռիսկը նվազեցնում է 34 տոկոսով։

Իսկ, ահա, հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը (թեկուզ ամբողջ կյանքում մեկ անգամ) 33 տոկոսով ավելացնում է շաքարախտի զարգացման վտանգը։ Դաշտանների միջեւ երկար ժամանակահատվածը (32 օր եւ ավելի՝ համեմատած 24 օրվա հետ) նույնպես 23 տոկոսով ավելացնում է շաքարախտի առաջացման վտանգը։



© NEWS.am Medicine