CAR T բջջային թերապիան քաղցկեղի բուժման ոլորտում հեղափոխական առաջընթաց է

23:49   23 սեպտեմբերի, 2019

CAR T բջջային թերապիան հեղափոխական առաջընթաց է քաղցկեղի իմունոթերապիայի բուժման ոլորտում, ինչպես պնդում են Սթենֆորդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։

MedicalXpress-ի մամուլի հաղորդագրությունում տեղեկացվում է, որ հետազոտողները թերապիայի արդյունավետությունը գնահատել են անցյալ տարիներին կուտակված կլինիկական տվյալների հիման վրա։ Ինչպես պարզվել է, CAR T բջջային թերապիան արդյունավետ է որոշ չարորակ ուռուցքների դեմ պայքարում, որոնք անցյալում անբուժելի էին համարվում։ Իհարկե, այս մեթոդը բարդ է եւ ոչ միշտ է օգնում, քանի որ քաղցկեղի որոշ տեսակներ դրա հանդեպ կայունություն են ձեռք բերում, սակայն գիտնականները վստահ են, որ ապագայում այդ թերությունները կարող են հաղթահարվել։

Թերապիան առավել արդյունավետ է եղել պացիենտների 60-93 տոկոսի մոտ։ Առավելագույն արդյունավետություն այն ցուցաբերել է B-բջիջների սուր լիմֆոբլաստային լեյկոզի դեպքում։ Սակայն, երկարաժամկետ հեռանկարում շատ հաճախ ռեցիդիվներ են դիտարկվել։ B-խոշորաբջիջ լիմֆոմայի ժամանակ մեթոդն այնքան էլ հաճախ չի արդյունավետ լինում, սակայն ռեցիդիվների հաճախականությունը ցածր է, ինչը հանգեցնում է հիվանդության երկարաժամկետ վերահսկման նույն ցուցանիշներին։

CAR T բջջային թերապիան ենթադրում է խիմերային հակագենային ռեցեպտորի օգտագործում, որը իրենից ներկայացնում է իմունային համակարգը ակտիվացնող հակամարմինների մասեր պարունակող սպիտակուց։ Այս թերապիայի շրջանակներում պացիենտի Т բջիջները հանում են եւ գենետիկորեն մոդիֆիկացնում, որպեսզի նրանց մակերեւույթին գտնվի խիմերային հակագենային CAR ռեցեպտորը, որը քաղցկեղային բջիջների վրա կապվում է CD19 սպիտակուցի հետ։ Մոդիֆիկացիայից հետո դրանք նորից ներդնում են պացիենտի օրգանիզմում։

 

 



© NEWS.am Medicine