Նեյրովիրաբույժը սխալ է ընտրել վիրահատության գոտին եւ կործանել պացիենտի կյանքը

12:53   24 սեպտեմբերի, 2019

Նոր Զելանդիայից նեյրովիրաբույժը սխալ է ընտրել քաղցկեղային ուռուցքի հեռացման համար վիրահատության գոտին, արդյունքում չի հաջողվել հեռացնել ուռուցքը, եւ պացիենտը մահացել է:

RNZ կայքի հաղորդմամբ՝ պացիենտի մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Մասնագետները հատուկ սարքի օգնությամբ հայտնաբերել էին վիրահատական միջամտության համար գոտին եւ նշում արել տղամարդու մաշկի վրա: Սակայն երբ նեյրովիրաբույժը նախնական կտրվածք է արել, ակնհայտ է դարձել, որ այն սխալ տեղում է արվել:

Այդ ժամանակ բժիշկը մեծացրել է պացիենտի ոսկորներում բացվածքը անհրաժեշտ գոտու ուղղությամբ: Սակայն վիրահատությունը դադարեցվել է, քանի որ ուռուցքը հեռացնելու հետագա փորձերը չափազանց ռիսկային են եղել:

Որոշ ժամանակ անց տղամարդը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից:

Առողջության եւ հաշմանդամության հարցերով հանձնակատար Էնթոնի Հիլլը հայտնել է, որ ցանկացած նեյրովիրաբույժ կարող է սխալվել, սակայն նշել է, որ նման երեւույթն անթույլատրելի է: Հիլլը նեյրովիրաբույժին խորհուրդ է տվել ներողություն խնդրել մահացածի ընտանիքից:    



© NEWS.am Medicine