Գիտնականներն առաջարկել են շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցում

12:58   25 սեպտեմբերի, 2019

Բատա համալսարանի  գիտնականները ներկայացրել են դեղամիջոցների նոր կարգ, որոնք արգելակում են շագանակագեղձի քաղցկեղի եւ մի շարք այլ ուռուցքային հիվանդությունների հետ կապված սպիտակուցի ակտիվությունը:

MedicalXpress-ը հայտնում է, որ խոսքը α-մեթիլացիլ-КоА-ռացեմազա (AMACR) կոչվող սպիտակուցի մասին է: Շագանակագեղձի քաղցկեղի բոլոր տեսակներում այս սպիտակուցի եւ դրա ակտիվության ցուցանիշները 10 անգամ մեծ են: Նույնպիսի պատկեր է դիտվում նաեւ քաղցկեղի շատ այլ տեսակների դեպքում:

Շագանակագեղձի քաղցկեղի բջիջներում գենետիկայի մեթոդների միջոցով AMACR-ի մակարդակի նվազեցումը քաղցկեղը պակաս ագրեսիվ է դարձնում. քաղցկեղային բջիջներն իրենց վարքագծով առողջ բջիջների են նմանվում:

Գիտնականները չեն բացահայտում իրենց հետազոտության բոլոր մանրամասները: Սակայն հայտնի է, որ ստացել են որոշակի միացություններ, որոնք թիրախային ազդեցություն ունեն սպիտակուցի ակտիվության վրա եւ դադարեցնում են քաղցկեղի զարգացումը:



© NEWS.am Medicine