Լնդերի հիվանդությամբ մարդիկ ավելի հաճախ են բախվում հիպերտոնիայի

13:08   26 սեպտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայից հետազոտողները պարզել են, որ պերիոդոնտիտով մարդիկ ենթարկվում են եւս մեկ խնդրի բախվելու վտանգին՝ արյան բարձր ճնշման, փոխանցում է «Վեստին»:

Ընդ որում՝ ըստ տարբեր տվյալների, հիպերտոնիան ախտահարում է մեծահասակ մարդկանց 30-45 տոկոսին: Իսկ պերիոդոնտիտին բախվում է աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին: Խոսքը պերիոդոնտի՝ ատամի արմատի ոսկրային հյուսվածքի բորբոքման մասին է (պերիոդոնտիտը չպետք է շփոթել պարոդոնտիտի հետ): Այսպիսի բորբոքային պրոցեսը քայքայում է լնդերի հարարմատային հյուսվածքները եւ ատամների արմատների արտաքին շերտերը, ինչպես նաեւ ուղեկցվում է թարախի արտադրմամբ ու արնահոսությամբ, եւ որպես հետեւանք՝ ուժգին ցավերով:

Չնայած այս երկու վիճակները կարող են թվալ միմյանց բացարձակապես չկապված, նախկինում մասնագետները ենթադրել են, որ կապ, այնուամենայնիվ, կա:

«Հիպերտոնիան կարող է լինել պերիոդոնտիտով պացիենտի սրտի նոպայի եւ կաթվածի պատճառը: Նախկինում մասնագետները ենթադրել են, որ պերիոդոնտիտի եւ հիպերտոնիայի միջեւ գոյություն ունի կապ, նաեւ որ ատամների բուժումը կարող է բարելավել արյան ճնշման ցուցանիշները: Բայց այսօրվա դրությամբ՝ անհնար է այս մասին ստույգ ասել»,- նշում է հետազոտության ավագ հեղինակ, Լոնդոնի համալսարանական քոլեջին առընթեր Իսթմենի ատամնաբուժական ինստիտուտի պրոֆեսոր Ֆրանչեսկո Դ՛Այուտոն:

Վերջերս կատարված աշխատանքի շրջանակում հետազոտողներն անցկացրել են մեթաանալիզ, որում օգտագործել են 26 երկրների գիտնականների 81 գիտական աշխատանքների տվյալները: Պարզվել է, որ զարկերակային միջին ճնշման ցուցանիշները, որպես կանոն, զգալիորեն բարձր են պերիոդոնտիտով մարդկանց շրջանում:

Հիշեցնենք, որ սովորաբար չափվում են զարկերակային ճնշման երկու մեծություններ: Սիստոլիկ կամ վերին ճնշումը ցույց է տալիս անոթների վրա ծանրաբեռնվածությունն այն պահին, երբ սրտի փորոքները կծկվում են եւ արյուն մղում: Ստորին ցուցանիշը կամ դիաստոլիկ ճնշումը ցույց է տալիս զարկերակներում ճնշումը սրտային մկանների թուլացման պահին: Երկու ցուցանիշն էլ ավանդաբար չափվում են սնդիկի սյան միլիմետրերով:

Լնդերի հիվանդություններով պացիենտների շրջանում թե՛ սիստոլիկ, թե՛ դիաստոլիկ ճնշումը համապատասխանաբար՝ սնդիկի սյան 4,5 մմ-ով եւ 2 մմ-ով բարձր էր:

Ավելին՝ մեծ դերակատարում ունի նաեւ պերիոդոնտիտի փուլը: Պարզվել է, որ միջին պերիոդոնտիտի դեպքում արյան բարձր ճնշման հավանականությունը 22 տոկոսով մեծանում է, իսկ ծանրի դեպքում՝ 49 տոկոսով:

Հետազոտողներն առայժմ չեն կարող ասել՝ պերիոդոնտիտի բուժումն արդյոք կարո՞ղ է  նվազեցնել արյան ճնշման ցուցանիշները: Ինտերվենցիոն 12 հետազոտությունից միայն 5-ն է ցույց տվել, որ լնդերի հիվանդությունների բուժումը կարող է բերել զարկերակային ճնշման նվազեցման: Այս դեպքում փոփոխություններ են կատարվել անգամ զարկերակային նորմալ ճնշմամբ մարդկանց շրջանում:

Մասնագետները, սակայն, ստույգ պատասխան ստանալու համար կարեւորում են այս ոլորտում ապագա հետազոտությունների անցկացումը:

Ինչ վերաբերում է այսպիսի անսովոր կապի հնարավոր պատճառներին, ապա գիտնականների ենթադրությամբ՝ այս հարցում դերակատարում ունեն բերանի խոռոչի բակտերիաները: Լնդերի հիվանդությունները եւ դրանց հետ կապված բակտերիաները բորբոքում են առաջացնում ամբողջ օրգանիզմում, ինչը կարող է ազդել արյունատար անոթների ֆունկցիաների վրա:

Սակայն դեր կարող են խաղալ նաեւ այլ գործոններ՝ գենետիկ նախահակվածությունը, ծխելը եւ ճարպակալումը:



© NEWS.am Medicine