Ստատինների բարձր դեղաչափերը մեծացնում են օստեոպորոզի զարգացման հավանականությունը

09:35   1 հոկտեմբերի, 2019

Ստատինները ցածր դեղաչափերի դեպքում կարող են որոշակիորեն պաշտպանել ոսկորների հանքային խտության կորստից: Սակայն այս դեղամիջոցների բարձր դեղաչափերը, հակառակը, նպաստում են օստեոպորոզի զարգացմանը, պարզել են ավստրիացի գիտնականները:

Ստատինները դասվում են աշխարհում առավել հաճախ դուրս գրվող դեղերի շարքին: Դրանք նախատեսված են «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման համար, ինչի շնորհիվ, ինչպես կարծում են, նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Սակայն այս դեղամիջոցների պատճառով կողմնակի էֆեկտները եւ բարդությունները քիչ էին հետազոտված: Բացը լրացրել են Ավստրիայի համալսարանի հետազոտողները:

Ստատիններն ինհիբիրացնում են լյարդի միջոցով խոլեստերինի սինթեզը, ինչը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի ցուցանիշները, սակայն խոլեստերինը չափազանց անհրաժեշտ է օրգանիզմում շատ պրոցեսների համար: Օրինակ՝ այն այնպիսի սեռական հորմոնների արտադրության հիմնական շինանյութն է, ինչպիսին են էստրադիոլը եւ տեստոստերոնը: Լավ հայտնի է, որ էստրոգենի նման հորմոնների խտության նվազման դեպքում կանանց շրջանում դաշտանադադարի ժամանակ մեծանում է օստեոպորոզի հավանականությունը:

Գիտնականները հետեւել են, թե ստատինների տարբեր դեղաչափերն ինչպես են ազդում ոսկորների հանքային խտության վրա: Պարզվել է, որ ստատինների դեղաչափերը որքան բարձր էին, այնքան մեծ էր օստեոպորոզի զարգացման հավանականությունը: Այս կապը պահպանվում էր անգամ այնպիսի գործոններ հաշվի առնելիս, ինչպես տարիքը, ավելորդ քաշը, ինչպես նաեւ այլ բժշկական խնդիրները, ավելին՝ այն միատեսակ դիտարկվել է տղամարդկանց եւ կանանց շրջանում:



© NEWS.am Medicine