Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման համար սննդային հավելում են հայտնաբերել

14:12   1 հոկտեմբերի, 2019

Ամերիկացի գիտնականները փորձարկումներ են արել էգ մկների վրա, որոնց ողջ կյանքի ընթացքում ապահովել են խոլինի բարձր մակարդակով: Նրանք ցանկացել են պարզել՝ կարող է արդյոք այդ սննդանյութը, որը պարունակվում է մի շարք մթերքներում, թեթեւացնել Ալցհեյմերի հիվանդության հետեւանքները, հաղորդում է HighTech+-ը:

Լաբորատոր կենդանիները հակված են եղել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը, սակայն ողջ կյանքի ընթացքում բարձր կոնցենտրացիայով խոլինի կիրառումը լավացրել է կրծողների տարածական հիշողությունը, որը սովորաբար խախտվում է հիվանդության զարգացման ֆոնին:

Գիտնականները երկու մեխանիզմ են առանձնացրել, որոնց շնորհիվ խոլինը կանգնեցրել է հիվանդության զարգացումը:

Առաջին հերթին, խոլինի կիրառումը նվազեցրել է միկրոգլիայի բջիջների ակտիվացումը, որոնք ուղեղին անհրաժեշտ են հարուցիչներից խուսափելու համար: Երկրորդ հերթին, խոլինը կանխել է թունավոր բետա-ամիլոիդային վահանիկների արտադրումը, որոնց ձեւավորումը Ալցհեյմերի հիվանդության զարգացման առանցքային գործոն է համարվում:

Մեկ այլ փորձարկման համաձայն՝ խոլինի նույնիսկ խորհուրդ տրվող օրաբաժինը չի կարող օրգանիզմն ապահովել նյութերի անհրաժեշտ կոնցենտրացիայով՝ ուղեղի ծերացման հետ կապված փոփոխությունների կանխարգելման համար: Սակայն դա պետք է հաստատվի կլինիկական հետագա հետազոտություններում: 

Այսօր կանանց համար կիրառման օրական նորման կազմում է 425 մգ եւ 550 մգ՝ տղամարդկանց համար: Խոլինի բարձր մակարդակ է հայտնաբերվել հավի լյարդի, ձվի, տավարի մսի, ցորենի սաղմի, կաթի եւ բրյուսելյան կաղամբի մեջ:   

Խոլինը չափազանց կարեւոր է ուղեղի ճիշտ աշխատանքի համար: Այն անհրաժեշտ է նեյրոմեդիատոր ացետիլխոլինի արտադրման համար, որը պատասխանտու է հիշողության, մկանային հսկողության եւ տրամադրության համար: 



© NEWS.am Medicine