Բարեգործական առաքելություն. ԱՄՆ-ից մասնագետը Հայաստանում կորոնար ֆիստուլաների բուժման քիչ ինվազիվ անվճար միջամտություններ է կատարում

16:22   2 հոկտեմբերի, 2019

Երեխաների մոտ 2 տոկոսը ծնվում է կորոնար ֆիստուլաներով (բնածին արատներ սրտի տարբեր մասերում ոչ մեծ ճեղքերի ձեւով)։ Ոմանց մոտ այդ ճեղքերը փակվում են իրենք իրենց, իսկ մյուսներին հարկավոր է բժշկական միջամտություն։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի ինտերվենցիոն սրտաբան Կառլ Օվադան (ԱՄՆ)։

Կորոնար ֆիստուլաները փակել կարելի է բաց վիրահատությամբ, բայց այսօր կա նաեւ քիչ ինվազիվ միջամտությամբ դա անելու հնարավորություն։ Ինչպես ասաց մասնագետը, միջամտության ընթացքում ոտքի զարկերակով նա պացիենտի սիրտ է մտցնում շատ փոքր չափերի հատուկ գործիք, որի օգնությամբ կարելի է փակել սրտում ֆիստուլաները, բացել փականները, որոնք լավ չեն աշխատում, ստենտներ տեղադրել եւ բազմաթիվ այլ բաներ անել։

Այս միջամտության գլխավոր առավելությունն այն է, որ պացիենտները շատ արագ վերականգնվում են եւ հաջորդ օրը կարող են վերադառնալ տուն, այն դեպքում, երբ բաց վիրահատությունից հետո նրանք հիվանդանոցում պետք է մնային առնվազն 1-2 շաբաթ։

Բժիշկ Օվադան եկել է Հայաստան Հայկական բժշկական հինգերորդ բարեգործական առաքելության  (Armenian Medical Mission) կազմում։

Անցած տարի նա հայ ինտերվենցիոն սրտաբան Կարեն Զոհրաբյանի հետ միասին "Նորք–Մարաշ" բժշկական կենտրոնում այդ միջամտությունը կատարեց Տիգրան անունով տղային, ով նույնպես կորոնար ֆիստուլա ուներ։ Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, մասնագետները կրկին զննեցին Տիգրանին՝ համոզվելու համար, որ նրա մոտ ամեն բան կարգին է։ Մասնագետի խոսքով՝ Տիգրանը, որն արդեն 10 տարեկան է, հիմա իրեն լավ է զգում, ոչ մի խնդիր ու բարդություններ չունի։ Նա պետք է շարունակի ընդունել որոշ դեղամիջոցներ, բայց ոչ մի այլ սահմանափակում նրա համար չկա, նա կարող է ապրել դեռահասի սովորական կյանքով։

Բժիշկ Օվադայի խոսքով՝ Հայաստան այցելությունների ժամանակ նա աշխատում է ոչ միայն օգնել բուժման կարիք ունեցող պացիենտներին, այլեւ նոր տեխնիկաներ սովորեցնել տեղի մասնագետներին, որպեսզի նրանք ապագայում կարողանան ինքնուրույն նման միջամտություններ կատարել։

Երկուշաբթի նա "Նորք–Մարաշ"–ի գործընկերների հետ միասին զննեց 23 պացիենտի, որպեսզի նրանց մեջ գտնի նրանց, որոնց իսկապես անհրաժեշտ է կատարել կորոնար ֆիստուլայի փակման վերը նկարագրված միջամտությունը։ Հոկտեմբերի 1-ին արդեն նման 2 միջամտություն էր կատարվել, եւ մինչեւ շաբաթվա վերջ բժիշկ Օվադան հույս ունի կատարել եւս 6-7 նման միջամտություն։ Այդ բոլոր գործողությունները կատարվում են բարեգործական առաքելության շրջանակում եւ անվճար են պացիենտների համար։

Ֆիստուլաների մեծ մասը, որոնց հետ մասնագետը պատրաստվում է աշխատել այս շաբաթվա ընթացքում, մոտ 3-8 մմ տրամագիծ ունեն։ Իսկ արդեն ընտրված պացիենտների մեծ մասը երեխաներ են։

Ինչո՞վ են վտանգավոր կորոնար ֆիստուլաները։

Ինչպես բացատրեց մասնագետը, եթե արատը մեծ չէ, խուղակները կարող են երկար ժամանակ իրենց զգալ չտալ եւ գրեթե չազդել պացիենտի կյանքի որակի վրա։ Իսկ ավելի մեծ խուղակները եթե առանց բուժման թողնվեն, կարող են հանգեցնել սրտային անբավարարության՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

Բնածին ֆիստուլաներ ունեցող երեխաները, որպես կանոն, ավելի վատ են աճում, քան իրենց հասակակիցները, չեն կարողանում վազել եւ խաղալ նրանց հետ, հաճախ ասես օդը նրանց չի բավականացնում, սկսվում է շնչարգելություն։ Այդպիսի երեխաներն ավելի շուտ են մրսում եւ հիվանդանում։

Բնածին այս արատը կարող է հայտնաբերել մանկաբույժը՝ լսելով երեխայի սրտի աշխատանքը։ Ախտորոշումը պետք է հաստատի սրտաբանը մի շարք հետազոտություններից ու բուժզննումներից հետո։



© NEWS.am Medicine