Դիաբետը, սրտի հիվանդությունները եւ քնատությունը՝ քաղցկեղի գլխավոր պատճառնե՞ր

21:34   3 հոկտեմբերի, 2019

Զարկերակային բարձր ճնշումը, 2-րդ տեսակի դիաբետը եւ սիրտ-անոթային հիվանդությունները քրոնիկական քնատության հետ միասին բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու եւ վաղաժամ մահվան վտանգը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Սրտաբանների ամերիկյան ասոցիացիայի ամսագրում։

Ինչպես տեղեկացվում է EurekAlert!-ի մամլո ամփոփագրում, հետազոտությանը մասնակցել է 20-74 տարեկան 1600 մարդ Փենսիլվանիայի նահանգից, որոնց բաժանել են խմբերի ըստ այն բանի, թե ունեցել են նրանք 2-րդ տեսակի դիաբետ, բարձր արյան ճնշում, սիրտ-անոթային հիվանդություններ (ներառյալ կաթվածը)։ Կամավորներին հետեւել են ընդհուպ մինչեւ 2016 թվականը, եւ մահվան յուրաքանչյուր դեպքի համար որոշվել է դրա ամենահավանական պատճառը։

Այդ ընթացքում մահացել է 512 մարդ, ընդ որում՝ այդ թվի մեկ երրորդը մահացել է սիրտ-անոթային հիվանդություններից, մյուսները՝ քաղցկեղից։ Նրանց մոտ, ովքեր օրական 6 ժամից քիչ են քնել եւ ունեցել են դիաբետ կամ բարձր արյան ճնշում, սրտի կանգի կամ կաթվածի պատճառով մահանալու ռիսկը երկու անգամ բարձր է եղել։ Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող կամ կաթված տարած մարդկանց մոտ քնատությունը երեք անգամ մեծացրել է  վաղաժամ մահվան հավանականությունը։



© NEWS.am Medicine