Քաղցր ըմպելիքներից հրաժարումը թեյի կամ սուրճի օգտին կպաշտպանի դիաբետից. հետազոտություն

12:59   5 հոկտեմբերի, 2019

Քաղցր ըմպելիքները նպաստում են ճարպակալման, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը, ինչպես նաեւ նվազեցնում են ինսուլինի հանդեպ զգայականությունը, ինչը նշանակում է, որ դրանք նպաստում են 2-րդ տեսակի դիաբետի առաջացմանը։ Ընդ որում՝ գազավորված ըմպելիքի եւ բնական հյութերի միջեւ առանձնակի տարբերություն չկա, դրանք միանման վտանգավոր են։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փորձագետները խորհուրդ են տալիս քաղցր ըմպելիքները փոխարինել անվտանգ այլընտրանքով՝ ջրով, թեյով կամ ոչ քաղցր սուրճով։ Նրանք ուսումնասիրել են քաղցր ըմպելիքների օգտագործման մակարդակը եւ դիաբետի տարածվածությունն ավելի քան 20 տարի մոտ 192 հազար մարդկանց շրջանում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցր ըմպելիքների ընդհանուր սպառման ավելացումն օրական ընդամենը 4 ունցիայով (մոտ 113 գրամ) չորս տարվա ընթացքում կապված է եղել դիաբետի ռիսկի 16 տոկոսով ավելացման հետ հաջորդ 4 տարիներին։ Եթե հետազոտության մասնակիցները մի քաղցր ըմպելիքը փոխարինել են ջրով, սուրճով կամ թեյով, դա հանգեցրել է դիաբետի ռիսկի նվազման 2-10  տոկոսով։



© NEWS.am Medicine