Աթերոսկլերոզի առաջացման պատճառը խոլոստերինը չէ. գերմանացի կարդիովիրաբույժ

10:18   7 հոկտեմբերի, 2019

Աթերոսկլերոզը, որի ժամանակ տեղի է ունենում զարկերակների նեղացում, սրտի նոպայի եւ կաթվածի հիմնական պատճառներից մեկն է: Չնայած համընդհանուր ընդունված տեսությանը, գերմանացի կարդիովիրաբույժ Աքսել Հավերիխը պնդում է, որ աթերոսկլերոզն ամենեւին էլ անոթների մեջ կուտակվող խոլեստերինի պատճառով չի առաջանում, հայտնում է «ՄեդիկՖորում» պարբերականը:

Այսօր հենց անոթների եւ զարկերակների ներքին պատերին կպչող խոլեստերինային վանահիկների կուտակման հետ են կապում այնպիսի վտանգավոր պաթոլոգիայի առկայությունը, ինչպիսին աթերոսկլերոզն է: Ըստ տարածված կարծիքի՝ ճարպային շերտերը արյունատար անոթների պատերին կալցիֆիկացվում են եւ անոթային հյուսվածքը դարձնում ոչ առաձգական, վնասվածքներին հակված: Ընդ որում՝ անոթները նեղանում են, ինչը դժվարացնում է սիրտն ու ուղեղը սնուցող արյան նորմալ հոսքը, եւ ստեղծվում են սրտի ու ուղեղի կաթվածի նախադրյալներ:

Հանովերի բժշկական դպրոցի պրոֆեսոր, կարդիովիրաբույժ Աքսել Հավերիխը պնդում է, որ աթերոսկլերոզի մեկնարկային մեխանիզմն իրականում զարկերակների արտաքին պատերին արյան մատակարարման խանգարումն է, որը զարգանում է բորբոքային պրոցեսների պատճառով (օրինակ՝ գրիպի ժամանակ առաջացող): Նրա խոսքով՝ խոլեստերինը  աթերոսկլերոզի զարգացման գործում վճռական դեր է խաղում միայն այն մարդկանց շրջանում, որոնք տառապում են բնածին լիպիդային փոխանակությամբ:

Կարդիովիրաբույժը նշում է, որ զարկերակների արտաքին պատին տեղակայված են ոչ մեծ անոթներ, որոնք դրանց թթվածին եւ սնուցող նյութեր են մատակարարում: Երբ բորբոքային ռեակցիաների պատճառով այս անոթները վնասվում են, զարկերակային հյուսվածքները զրկվում են նորմալ սնուցումից եւ արյան մատակարարումից, սկսվում է դրանց վերականգնումը:

«Աթերոսկլերոզը պետք է դիտարկել ավելի շուտ որպես միկրոանոթների հիվանդություն: Զարկերակներն ավելի ուշ են ախտահարվում, միայն դրանցից հետո»,- նշում է սրտաբանը:

Աքսել Հավերիխն այս տեսության օգտին հիշատակում է սրտի նոպաների հաճախացման աճը գրիպի համաճարակներից հետո, որի դեպքում օրգանիզմում բորբոքման մակարդակը մեծանում է: Փորձագետը համոզված է, որ աթերոսկլերոզի կանխման համար կարեւոր է առաջին հերթին ինֆեկցիաների նախականխում իրականացնելը եւ հնարավորության սահմաններում օրգանիզմում բոլոր բորբոքումների բուժումը:

«Որպես միջոց խորհուրդ եմ տալիս գրիպի դեմ սովորական պատվաստումը, ինչպես նաեւ լնդերի, ստամոքսի լորձաթաղանթի, քթի խոռոչների քորնիկական բորբոքումների, օստեոարթրիտի բուժումը: Փորի ճարպից ազատվելը նույնպես նպաստում է աթերոսկլերոզի առաջացման հավանականության նվազմանը, քանի որ այն մեծ թվով բորբոքային նյութեր է արտադրում: Կանխարգելման պարզ մեթոդների թվում են առողջ սնվելը, ադեկվատ քունը եւ մեծ թվով ֆիզիկական վարժությունները»,- ասել է Աքսել Հավերիխը:



© NEWS.am Medicine