Գիտնականները կարողացել են որոշել ուղեղի այն հատվածները, որոնցում սկիզբ է առնում Ալցհեյմերի հիվանդությունը

20:44   7 հոկտեմբերի, 2019

Ուղեղում ճարպային տոքսիկ կուտակումները համարվում են Ալցհեյմերի անբուժելի հիվանդության զարգացման պատճառը։ Ամերիկյան գիտնականները կարողացել են որոշել ուղեղի այն հատվածները, որտեղից սկիզբ է առնում պաթոլոգիկ գործընթացը։ Ազդելով աղբյուրի վրա՝ ավելի հեշտ կլինի հաղթահարել հիվանդությունը, հայտնում է HighTech+-ը։

Ուղեղում բետա-ամիլոիդ սպիտակուցների կուտակումը ընդունված է համարել նեյրոնների մահվան գլխավոր պատճառը, որը խթանում է նեյրոդեգեներացիայի անդառնալի գործընթացը։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ հիվանդությունը ծնվում է ուղեղի խորը մասերում ավելի վաղ, նախքան կխախտի հիպոկամպի աշխատանքը։

Մկների օրինակով փորձաքնությունները ցույց են տվել, որ ճարպային կուտակումը սկսվում է պտկակերպ մարմնում,  թափանցիկ միջնապատի խոռոչում եւ սուբիկուլումում։ Այս երեք հատվածները հիվանդությունն ախտահարում է մինչ ներթափանցելը հիպոկամպի եւ գլխուղեղի կեղեւի մեջ, որոնք պատասխանատու են հիշողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների համար։ Դրանց ախտահարումով են կապված նաեւ տհաճ ախտանիշները։

Այնուհետեւ գիտնականները արդյունքները հաստատել են մարդու հյուսվածքի վրա։ Նրանց ենթադրությամբ՝ եթե հիվանդությունը ծագել է, օրինակ, պտկակերպ մարմնում, ապա ճարպային կուտակումների խտությունը պետք է ավելանա հիվանդության զարգացմանը զուգընթաց։ Հյուսվածքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիվանդության առավել ուշ փուլում ամիլոիդային կուտակումների խտությունը ավելի բարձր է եղել։

«Եզրակացությունները վկայում են այն մասին, որ Ալցհեյմերի հիվանդության զարգացման դեպքում մարդու ուղեղում փոփոխությունները նույն կերպ են կատարվում»,- ամփոփում են հեղինակները։ Հիվանդության ծագման հատվածները հասկանալը թույլ կտա մշակել նոր թերապեւտիկ ռազմավարություններ, հուսով են հետազոտողները։



© NEWS.am Medicine