Հոգեմետ դեղերի ընդունումից հետո տղամարդու կուրծքը մեծացել է

13:45   10 հոկտեմբերի, 2019

Ֆիլադելֆիայի դատարանի վճռով ամերիկյան Johnson&Johnson ընկերությունը պարտավորվել է Նիկոլաս Մյուրերին հոգեմետ դեղերի ընդունումից հետո ստացած կողմնակի էֆեկտի համար որպես փոխհատուցում 8 մլրդ դոլար վճարել:

Reuters-ի հաղորդմամբ՝ մանկության տարիներին պացիենտին «Ռիսպերդալ» էին նշանակել, որը նախատեսված է շիզոֆրենիայի եւ բիպոլյար խանգարման նոպաները կանխելու համար: Արդյունքում տղամարդու մոտ գինեկոմաստիա է զարգացել՝ էնդոկրին խանգարում, որը հանգեցնում է կաթնագեղձերի մեծացմանը:

Սա նման առաջին դեպքը չէ: Անցած տարի հունվարին հաղորդվել է, որ Ֆիլադելֆիայի շրջանային դատարանը քննել է Թիմոտի Սթենջի հայցն ընդդեմ Janssen Pharmaceuticals-ի, որը մտնում է Johnson&Johnson կորպորացիայի կազմում:

12 տարեկանում Սթենջին, որը տառապում էր Տուրետի համախտանիշով, «Ռիսպերդալ» էին նշանակել: Դրանից հետո նրա մոտ եւս գինեկոմաստիա էր զարգացել: Վիրահատական միջամտությունից հետո նրա մոտ սպիներ էին մնացել:

2015-ին դատարանը վճռել է, որ դեղամիջոց արտադրողը նրան պետք է 500 000 դոլար  վճարի: Ավելի ուշ գումարն ավելացել է 35 000 դոլարով՝ փոխհատուցման վճարումը ուշացնելու համար:

2018-ի տվյալներով՝ Ֆիլադելֆիայի դատարանները քննում են այդ դեղամիջոցի կողմնակի ազդեցությունից տուժած ավելի քան 5500 տղամարդկանց հայցերը:



© NEWS.am Medicine