73-ամյա պացիենտի սրտի աշխատանքի շեղումը հայտնաբերել են ըստ նրա աչքերի

21:09   10 հոկտեմբերի, 2019

Մեխիկոյի Իգնասիո Չավեսի անվան ազգային սրտաբանական ինստիտուտում գրանցել են հետաքրքիր դեպք. պացիենտի մոտ առկա էր սրտի հազվագյուտ հիվանդություն, որը կարողացել են ախտորոշել ըստ նրա աչքերի:

Հիվանդանոց է դիմել 73-ամյա պացիենտ՝ հեւոցի գանգատով, որը սկսվել էր մեկ շաբաթ առաջ եւ շարունակ զարգանում էր: Նրա զարկերակային ճնշումը բարձր էր, բժիշկները նաեւ ուշադրություն են դարձրել նրա սրտի հաճախակիացած զարկերին եւ շնչառությանը: Իսկ սրտում աղմուկ էր լսվում: Ընդ որում՝ ակնաբույժը տեսել է, որ պացիենտի բբերի ընդարձակման եւ նեղացման ռիթմը համընկնում է սրտի զարկերի ռիթմին: Այս հազվագյուտ վիճակը կոչվում է «Լանդոլֆի նշան» եւ դիտվում է աորտայի փականի ծանր անբավարարության դեպքում:

Այս խանգարման պատճառով արյունը անարդյունավետ է շրջանառվում ամբողջ մարմնում, ինչը բբերին ստիպում է նեղանալ սրտի ռիթմերին համապատասխան: Իսկ նորմայի դեպքում նեղացումն ու ընդարձակումը պետք է տեղի ունենա ի պատասխան լուսավորության փոփոխության: Սրտի վիրահատությունից հետո այս ախտանշանը վերացել է:



© NEWS.am Medicine