Մարդը՝ «սալամանդրի նման», վնասված կռճիկն աճեցնելու կարողություն ունի

14:31   11 հոկտեմբերի, 2019

Մարդիկ չեն կարող աճեցնել անդամահատված վերջույթները, ինչպես սալամանդրները, բայց մենք իրականում «սալամանդրի նման» ունենք վնասված կռճիկն աճեցնելու հատկություն, տեղեկացնում է CNN-ը։

Science Advances ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ «մարդու հոդերում կռճիկը կարող է վերականգնվել մի գործընթացի միջոցով, որը նման է սալամանդրի եւ դանիո-ձկան՝ վերջույթները վերականգնելու կարողությանը»։

Այս արդյունքները կարող են հոդերի վնասվածքների եւ այնպիսի հիվանդությունների բուժման նոր մեթոդների ստեղծման դուռ բացել, ինչպիսին է օսթեոարթրիտը, եւ, գուցե անգամ հանգեցնել մարդու վերջույթների վերարտադրմանը։ Սալամանդրների, աքսոլոթլների եւ այլ կենդանիների մոտ, որոնք վերարտադրողական կարողություններ ունեն, կա մոլեկուլի տեսակ, որը կոչվում է միկրոՌՆԹ, որն օգնում է կարգավորել հոդերի հյուսվածքների վերականգնումը։ Մենք նույնպես ունենք միկրոՌՆԹ, բայց մեր կռճիկի վերականգնման մեխանիզմն ավելի ուժեղ է մարմնի որոշ մասերում, ցույց է տվել հետազոտությունը։ Օրինակ,  միկրոՌՆԹ մոլեկուլները ավելի ակտիվ են կոճերում եւ պակաս ակտիվ ծնկներում եւ ազդրերում։ «Մենք ուրախացանք, երբ իմացանք, որ ռեգեներացիայի կարգավորիչները սալամանդրի վերջույթում, ըստ երեւույթին, նաեւ մարդու հոդերի հյուսվածքների կարգավորիչներ են հանդիսանում»,- ասել է պրոֆեսոր Մինգ Ֆեն Հսյուն (Ming-Feng Hsueh)։- Մենք այդ կարողությունն անվանում ենք «ներքին սալամանդրներ»։

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել «կռճիկի տարիքը», այսինքն՝ փոփոխվե՞լ է արդյոք սպիտակուցի կառուցվածքը, կամ՝ տեղի ունեցե՞լ են ամինաթթվային փոփոխություններ։

Այս գործոնները՝ միկրոՌՆԹ-ի ակտիվության մակարդակը եւ կռճիկի տարիքը, բացատրում են, թե ինչու են կոճի վնասվածքներն ավելի արագ լավանում, քան ծնկի կամ ազդրի վնասվածքները։

Հետազոտությունում նշվում է, որ միկրոՌՆԹ-ն կարելի է հոդի մեջ մտցնել կամ վերածել դեղերի, որոնք կկանխեն կամ կվերացնեն արթրիտը։ Ավելի հեռավոր ապագայում այն կարող է նույնիսկ «ստեղծել հիմք մարդու վերջույթների ռեգեներացիայի համար»։

«Մենք կարծում ենք, որ այս «սալամանդրանման» ռեգեներատիվ կարողությունը մարդկանց մոտ հասկանալը կարող է հիմք ծառայել հոդերի հյուսվածքների եւ, գուցե, մարդկանց վերջույթների վերականգնման նոր մեթոդների ստեղծման համար»,- նշում են հետազոտության հեղինակները։



© NEWS.am Medicine