Գիտնականներին հաջողվել է պահպանել մահացած ուղեղի կենսունակությունը մի քանի շաբաթ շարունակ

23:49   11 հոկտեմբերի, 2019

Ճապոնացի գիտնականներնս հաջողվել է պահպանել մկների ուղեղի հյուսվածքների կենսագործունեությունը 25 օրվա ընթացքում, երբ ուղեղը դուրս էր բերվել կրծողների գանգից:

Ինչպես հաղորդում է Science Alert պարբերականը, վերոնշյալ գիտնականները պահպանել են ուղեղի կենսագործունեությունը՝ կիրառելով միկրոհեղուկային սարքավորում, որը սննդարար հեղուկներ է մատակարարում հյուսվածքներին շատ նեղ ուղով: Իսկ չորացման խնդիրը լուծելու համար հետազոտողները կիրառել են հատուկ մեմբրան, որն ապահովում է օպտիմալ խոնավացումը:

Մկան ուղեղում հեղուկը շրջանառվում էր կիսաթափանց ուղով, որը կազմված է ծակոտկեն մեմբրանից՝ պոլիդիմետիլսիլոքսանի ամբողջական պատերով: Իսկ սննդարար միջավայրն անցնում էր մեմբրանի միջով, որը միաժամանակ պահպանել է խոնավությունն ուղեղի հյուսվածքներում եւ նպասել բջիջների միջեւ արդյունավետ գազափոխանակությանը:

Մկները, որոնցից վերցրել են ուղեղի բջիջները, գենետիկորեն մոդիֆիկացված էին այնպես, որ բիոռիթմերն ուղեղում կապված էին ֆլուորեսցենտային սպիտակուցի արտադրության հետ: Ինչպես նշում են գիտնականները, լուսածորումը տեղի է ունեցել 25 օրվա ընթացքում:

Ընդ որում՝ սննդարար միջավայրով բաժակում գտնվող վերահսկիչ նմուշը սկսել է կորցնել ակտիվությունն արդեն 10 ժամ անց:

Հետազոտողների գնահատմամբ՝ ուղեղի հյուսվածքի ակտիվության առավելագույն ժամանակը կարող էր հասնել 100 օրվա:

Գործնականում գիտնականների կողմից մշակված մեթոդը հնարավոր կլինի կիրառել փոխպատվաստման համար նախատեսված օրգանների առավել երկարատեւ եւ արդյունավետ պահպանման համար:



© NEWS.am Medicine