Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է հեշտացնել բժիշկների լիցենզավորման գործընթացը. մասնագետ

17:01   14 հոկտեմբերի, 2019

Բլոկչեյն տեխնոլոգիան կարող է առողջապահության ոլորտում բազմաթիվ կիրառումներ ունենալ: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Dubai Healthcare City-ում (Արաբական Միացյալ Էմիրություններ) կարգավորման գծով գործադիր տնօրեն Ռամադան Ալբլուշին, այդ տեխնոլոգիան կարող է էապես հեշտացնել բժիշկների լիցենզավորման գործընթացը:  

Մասնագետի խոսքով՝ երկրում (տվյալ դեպքում՝ ԱՄԷ-ում) աշխատելու համար լիցենզիա ստացած բժշկի մասին տեղեկությունը հասանելի կլինի ողջ երկրում՝ անկախ նրանից, թե որ քաղաքում է գտնվում բժիշկը: Ինչպես նաեւ, այդ տեխնոլոգիան կարող է հեշտացնել արտասահմանցի բժիշկների համար լիցենզավորումը. անհրաժեշտություն չի լինի գալ եւ հայտ ներկայացնել, ուղարկել փաստաթղթերը. այդ ամենը կարելի է անել ցանցի միջոցով՝ շատ ժամանակ խնայելով: 

Մասնագետի խոսքով՝ բլոկչեյն տեխնոլոգիան կարելի է կիրառել նաեւ պացիենտների մասին տվյալների թվային բազայով աշխատանքում՝ շատ ժամանակ եւ ջանք խնայելով ինչպես պացիենտների, այնպես էլ բուժանձնակազմի համար: 

Բժիշկ Ռամադան Ալբլուշին Հայաստան է ժամանել՝ մասնակցելու բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված ChainPoint 19 համաժողովին: Նրա խոսքով՝ Հայաստանում առողջապահական համակարգին ինքը դեռեւս շատ ծանոթ չէ, քանի որ սա իր առաջին այցն է, սակայն ինքն ու իր երկիրը պատրաստ են համագործակցել:     



© NEWS.am Medicine