Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի բոլորովին նոր միջոց են առաջարկել

16:31   15 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ Յելի համալսարանի գիտնականները իմունային համակարգի ակտիվացման միջոցով քաղցկեղի բուժման նոր միջոց են մշակել: Հետազոտությունները ցույց են տվել, որ միջոցը թույլ է տալիս մկների մոտ փոքրացնել չարորակ նորագոյացությունները, այդ թվում՝ մելանոման, եռակի բացասական կրծքագեղձի քաղցկեղն ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

EurekAlert!-ի հաղորդմամբ՝ նոր միջոցը միավորում է գենային թերապիան, որն իրականացվում է չեզոքացված վիրուսների օգնությամբ: Մշակված համակարգը, որը կոչվել է MAEGI, նշում է քաղցկեղի հետ կապված տասնյակ հազարավոր գեների դիրքը, եւ իմունային համակարգը սկսում է ճանաչել չարորակ բջիջներն ու արդյունավետորեն ոչնչացնում է դրանք: 

Հետազոտողները պնդում են, որ նոր միջոցը պետք է արդյունավետ լինի քաղցկեղի մի շարք տեսակների դեմ պայքարում, ներառյալ այն տեսակները, որոնք այժմ կայուն են իմունաթերապիայի նկատմամբ:

Հետագայում գիտնականները ծրագրում են պացիենտների մասնակցությամբ նոր միջոցի կլինիկական փորձարկումներ անցկացնել:   



© NEWS.am Medicine