Կանխատեսում. Առաջիկա 12 տարում ի հայտ կգա տիեզերքում ծնված առաջին երեխան

17:01   17 հոկտեմբերի, 2019

SpaceBorn United ընկերության հիմնադիր եւ ղեկավար բժիշկ Էգբերտ Էդելբրուկը խոստացել է, որ տիեզերքում ծննդաբերությունն իրականություն կդառնա մոտ ժամանակներում, հայտնում է  The Daily Mail-ը: Հայտնի է, որ ընկերությունը զբաղվում է ուղեծրում առաքելությունների մշակմամբ: Այդ առաքելությունները նպատակաուղղված են հատկապես հղի կանանց: Առայժմ խոսք չկա տիեզերքում երկար ժամանակ գտնվելու մասին: Ընկերությանը հետաքրքրում է բուն ծննդաբերությունը (24-36-ժամյա առաքելությունը): Բժիշկը նախագծի իրականացման ենթադրվող ժամկետ է նշում 2031 թվականը:

SpaceBorn United-ը սթարափ է, որն ուսումնասիրում է տիեզերքում մարդու վերարտադրման պայմանները եւ մասնագիտանում է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ուղղությամբ: Նախատեսվում է ծննդաբերությունն անցկացնել, այսպես կոչված, ցածր ուղեծրում (մինչեւ 2000 կմ բարձրությամբ): Ծրագրին մասնակցելու համար կանայք պետք է ունենան 2 անբասիր ծննդաբերության փորձ եւ ճառագայթման հանդեպ բնական մեծ կայունություն:

Բժիշկ Էդելբրուկը հայտարարում է. «Դուք կարող եք ծննդաբերությունն այնպես խթանել, ինչպես ամեն օր անում են ԱՄԲ կլինիկաներում: Պլանավորումն, իհարկե, խնդիր է՝ դժվար է պլանավորել բնական պրոցեսը, հատկապես եթե եղանակային պայմաններն այն չեն կամ արձակման հետաձգում է առկա: Մենք երբեք չէինք կարողանա աշխատել միայն մեկ հղիի հետ: Մենք կունենանք մոտ 30 մասնակից, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է հրաժարվել նախագծին մասնակցելուց»:

Հարկ է նշել, որ NASA-ն 1997 թվականին հետազոտական փորձ է անցկացրել հղի առնետների մասնակցությամբ, որոնք իրենց վրա զգացել են միկրոգրավիտացիայի էֆեկտը: Պարզվել է, որ ծննդաբերության ժամանակ Երկրի վրա սովորական վիճակի համեմատությամբ երկունքի ցավերը գրեթե 2 անգամ ավելի են եղել:



© NEWS.am Medicine