Միջին կամ մեծ տարիքում նիհարելը կարող է մեծացնել վաղաժամ մահվան հավանականությունը

09:43   18 հոկտեմբերի, 2019

Գիրանալու եւ մահացության միջեւ կապը տարիքին զուգահեռ նվազում է, իսկ միջին կամ մեծ տարիքում նիհարելը կարող է մեծացնել վաղաժամ մահվան հավանականությունը՝ հատկապես, երբ խոսքը սրտի հիվանդությունների մասին է, հայտնում է CNN-ն՝ վկայակոչելով վերջին հետազոտության տվյալները:

«Մենք կարծում ենք, որ ավելի լավ է նիհարել երիտասարդ տարիքում, որպեսզի վաղաժամ մահվան հավանականությունը նվազի առավել մեծ տարիքում»,- նշել է հետազոտության հեղինակ, Տունցզի բժշկական քոլեջի (Չինաստան) համաճարակաբանության եւ բիովիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Ան Պանը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց շրջանում, որոնք մեծահասակ տարիքի ամբողջ ընթացքում տառապել են ճարպակալմամբ, վաղաժամ մահվան հավանականությունն ամենամեծն է: 20 տարեկանի կեսից սկսած մինչեւ միջին տարիք քաշի ավելացումը նույնպես կապված էր մահացության մեծ հավանականության հետ՝ այն մարդկանց համեմատությամբ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում նորմալ քաշ են պահպանել: Այդուհանդերձ, քաշի կորուստը միջին եւ ավագ տարիքում «զգալի չափով կապված էր մահացության մեծ հավանականության հետ», նշված է հետազոտության մեջ:

Ճարպակալումը հանրային առողջապահության հիմնական խնդիրն է Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարում: Ըստ 2016 թվականի տվյալների՝ ԱՄՆ-ում կանանց 38 եւ տղամարդկանց 36 տոկոսը տառապում է ճարպակալմամբ:

Պանի խոսքով՝ հետազոտության մեջ չի ներառվել մեծ տարիքում քաշի կորուստի պատճառների վերլուծությունը: Արդյոք գործոններից մեկը եղե՞լ է քաշի դիտավորյալ կորուստը, որը կարող էր դերակատարում ունենալ:

«Անհրաժեշտ է աշատել չգիրանալ, երբ երիտասարդ եք, իսկ ծերության շրջանում կենտրոնանալ առողջ կենսակերպ վարելու վրա»,- ասել է Պանը:



© NEWS.am Medicine