Երկարատեւ մարզումների ժամանակ կարտոֆիլի օգտագործումը համարժեք է կոմերցիոն ածխաջրային գելի ազդեցությանը

20:43   20 հոկտեմբերի, 2019

Երկարատեւ մարզումների ժամանակ կարտոֆիլի խյուս օգտագործելը հավասարազոր է կոմերցիոն ածխաջրային գել օգտագործելուն արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ապահովելու եւ մարզիկների աշխատունակությունը բարձրացնելու համար: Այդ մասին հայտարարել է հետազոտության հեղինակ, Իլինոյսի համալսարանի կինեզիոլոգիայի եւ հանրային առողջապահության պրոֆեսոր Նիկոլաս Բուրդը, հաղորդում է MedicalXpress-ը:

«Կարտոֆիլը մարզիկների համար խոստումնալից այլընտրանք է, քանի որ այն տնտեսապես արդյունավետ է, սննդարար նյութերով հարուստ եւ ածխաջրերի լավ աղբյուր է»,-հայտնել են հետազոտողները:

Հետազոտության մեջ մասնակցել է 12 հեծանվորդ: Ընտրական փուլն անցնելու համար հեծանվորդները պետք է հաղթահարեին պատրաստվածության որոշակի շեմը եւ կատարեին 120-րոպեանոց փորձարկում հեծանվով: Նրանք բաժանվել են երեք խմբի, որոնցից առաջինն օգտագործել է միայն ջուր, երկրորդը՝ կոմերցիոն առումով հասանելի ածխաջրային գել, իսկ երրորդը՝ կարտոֆիլից ստացված ածխաջրերի համարժեք քանակություն:

Հետազոտողները ստանդարտացրել էին 12 հեծանվորդների սնունդը 24 ժամվա ընթացքում նախքան 120-րոպեանոց փորձարկումը: Ամբողջ վարժության ընթացքում թիմը չափում էր մասնակիցների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, մարմնի ջերմաստիճանը, վարժությունների ինտենսիվությունը եւ աղեստամոքսային գործընթացները: Հետազոտողները նաեւ չափել են մասնակիցների արյան մեջ լակտատի կոնցենտրացիան, որը համարվում է ինտենսիվ ֆիզիկական մարզումների մետաբոլիկ ցուցանիշը:

«Մենք տարբերություններ չենք հայտնաբերել այն հեծանվորդների աշխատանքի ցուցանիշների մեջ, որոնք օգտագործել են ածխաջրեր կարտոֆիլով սնվելու միջոցով կամ անհրաժեշտ քանակությամբ գելեր գիտափորձի ընթացքում»,-ասել է Բուրդը: «Երկու խմբերի մոտ նկատվել է արդյունավետության զգալի բարձրացում, որը չի կարելի ասել միայն ջուր օգտագործած մարզիկների մասին»,-հավելել է նա:



© NEWS.am Medicine