Կենսաանվտանգություն, հակաբիոտիկակայունություն եւ արտակարգ իրավիճակների կառավարում. Երեւանում մեկնարկել է Առողջապահության հայ-ռուսական 5-րդ համաժողովը

14:40   21 հոկտեմբերի, 2019

Առողջապահության հայ-ռուսական 5-րդ համաժողովի ընթացքում, որը մեկնարկեց հոկտեմբերի 21-ին, երկու երկրների մասնագետները կքննարկեն հարցերի լայն շրջանակ եւ կփնտրեն համագործակցության ու փոխգործակցության նոր ուղիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝  համաժողովի ընթացքում առողջապահության նախարարությունների եւ մասնավոր կլինիկաների մասնագետները կբարձրացնեն թեմաներ, որոնք հրատապ են երկու երկրների համար, եւ կփնտրեն դրանց լուծման համատեղ ուղիներ։ Գլոբալացման պայմաններում, երբ մարդիկ կարող են ազատ ճամփորդել եւ աշխատել աշխարհի շատ երկրներում, շատ կարեւոր է ունենալ ընդհանուր մոտեցումներ այն հարցերում, որոնք կապված են առողջապահության հետ, նշեց փոխնախարարը։

ՌԴ առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան նշեց, որ համաժողովի ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվելու կենսաանվտանգության, նոր տեխնոլոգիաների խնդիրներին, ինչպիսին է ցողունային բջիջների փոխպատվաստումը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների վերացումը։

«Սա թեմա է, որը սահմաններ չունի, չունի պետականություն։ Երբ նման դժբախտություններ են պատահում, դա դժբախտություն է ամբողջ աշխարհի, ամբողջ երկրագնդի համար, հետեւաբար շատ կարեւոր է ունենալ այդ արտակարգ իրավիճակների վերացման համախմբված մարտավարություն»,- նշել է փոխնախարարը։

Հատուկ ուշադրություն կհատկացվի նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայունության խնդրին. նախորդ հարյուրամյակում չի եղել այդ միջոցների օգտագործման վերահսկման անհրաժեշտ մակարդակ, ինչը հանգեցրել է նրան, որ շատ մանրէներ սկսել են կայունություն դրսեւորել հակաբիոտիկների հանդեպ։ Եվ եթե միջոցներ չձեռնարկվեն, ոչ հեռավոր ապագայում կհաստատվի առանց հակաբիոտիկների դարաշրջան, երբ «սովորական» բակտերիալ վարակները նորից կսկսեն սպանել հազարավոր մարդկանց։



© NEWS.am Medicine