Բժիշկները 46-ամյա ամերիկացու մոտ «ինքնաշխատ գարեջրագործական համախտանիշ» են հայտնաբերել

10:54   22 հոկտեմբերի, 2019

Բժիշկները 46-ամյա ամերիկացու մոտ «ինքնաշխատ գարեջրագործական համախտանիշ» են հայտնաբերել. հազվագյուտ հիվանդություն, որի դեպքում օրգանիզմի մեջ հայտնված խմորիչները ածխաջրեր են արտադրում՝ ձեւավորելով էթանոլ, հայտնում է BMJ Open Gastroenterology-ն:

Տղամարդը 2011 թվականին ձեռքի վնասվածք էր ստացել եւ ընդունել հակաբիոտիկների կուրս: Բուժումն ավարտելով՝ նա իր վիճակում փոփոխություն է նկատել՝ հայտնվել են հիշողության կորուստ, ընկճվածություն, ագրեսիայի բռնկումներ: Հոգեբույժը նրան հակադեպրեսանտ է նշանակել:

Որոշ ժամանակ անց ամերիկացուն հայտնաբերել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելիս, չնայած նա ալկոհոլ չէր օգտագործել: Դրանից բացի, տղամարդը մի քանի անգամ հիվանդանոցում է հայտնվել, քանի որ հարբածության պատճառով հազիվ էր ոտքի վրա մնում: Բժիշկներից ոչ մեկը չէր հավատում, որ պացիենտը ոգելից չի օգտագործել:

Որոշ ժամանակ անց Ռիչմոնդի համալսարանի բժիշկները պարզել են պացիենտի արտասովոր վիճակի պատճառը: Նրա կղանքի մեջ հայտնաբերվել են Saccharomyces cerevisiae-ի խմորիչներ եւ դրանց զուգադրվող սնկեր: Այդ խմորիչները ածխաջրեր են արտադրում եւ էթանոլ ստեղծում: Այսինքն՝ ամերիկացին, ինքն էլ չկասկածելով, մշտապես գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում:

Տղամարդու հիվանդությունը կարողացել են բուժել հակասնկային թերապիայով եւ պրոբիոտիկների կուրսով:



© NEWS.am Medicine