Տղամարդն ընկերոջից լսել է մահացու հիվանդության մասին եւ այն հայտնաբերել իր մոտ

20:39   22 հոկտեմբերի, 2019

Ավստրալիայի Պերտ քաղաքից 37-ամյա Ռայան Գլոսոպն իր ընկերներից մեկից իմացել է, որ նրա ծանոթներից մեկը մահացել է մաշկի քաղցկեղից: Դրանից հետո Ռայանը որոշել է ստուգվել եւ պարզել է, որ ինքը եւս հիվանդ է մաշկի քաղցկեղով:

The Mirror-ի հաղորդմամբ՝ Ռայանի մոտ պարանոցի հատվածում չարորակ խալ է հայտնաբերվել: Ռայանը խոստովանել է, որ ողջ կյանքն այն «անվնաս» է համարել:

Բուժման շրջանակում տղամարդը 4 վիրահատության եւ 40 բիոպսիայի է ենթարկվել: Վիրահատություններից մեկի ընթացքում բժիշկները հեռացրել են մաշկի 8x40 սմ չափով հատվածն ու այն փոխարինել պացիենտի ոտքից վերցրած մաշկով:

Ռայանը պատմել է իր հիվանդության մասին, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի այդ վտանգավոր հիվանդության վրա: Շատերն անտեսում են մաշկի վրա փոփոխվող խալերը՝ չհասկանալով, որ դրանք կարող են մահացու վտանգավոր ուռուցք լինել: Ռայանը նաեւ գումար է հավաքում մելանոմայի դեմ պայքարի ասոցիացիայի համար:

Լուսանկարը՝ Ryan Glossop-ի Facebook-յան էջից 



© NEWS.am Medicine