22-ամյա կինը պարզել է, որ իր արգանդը «թթվային վաննայում» է հայտնվում, ինչը թույլ չի տալիս նրան հղիանալ

12:11   23 հոկտեմբերի, 2019

22-ամյա բրիտանուհին, որը երկու անգամ վիժել է, պարզել է, որ իր արգանդը «թթվային վաննայում» է հայտնվում, ինչը թույլ չի տալիս նրան հղիանալ, տեղեկացնում է Foxnews-ը։

Քալի Հեյսի ախտորոշումը հիդրոսալփինքսն է՝ վիճակ, որն առաջ է բերում ֆալոպյան փողի խցանում հեղուկի պատճառով, տեղեկացնում է Healthline-ը։ Հեղուկը հայտնվում է նրա արգանդում՝ խանգարելով սաղմերի ճիշտ պատվաստմանը։

«Բժիշկները դա այնպես են նկարագրել, ասես հեղուկը ամեն ամիս արգանդս սուզում է թթվային վաննայի մեջ, այդ պատճառով ես պատահաբար թունավորել եմ իմ չծնված երեխաներին»,- պատմել է կինը։

Հիդրոսալփինքսը կարող է առաջանալ վարակների հետեւանքով, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով, կույր աղիքի պայթելու եւ էնդոմետրիոզի պատճառով։

Համաձայն Healthline-ի՝ բուժման տարբերակները հիդրոսալփինքս ունեցող կանանց համար տարբեր են, բայց սովորաբար ներառում են ախտահարված արգանդի փողի հեռացում, սկլերոթերապիա կամ խցանված փողի վերականգնում։ Հեյսը որոշել է հեռացնել ձախ փողը։

Վիրահատությունը հաջող է անցել։ Պարզվել է, որ ֆալոպյան փողերը մեծացել էին իրենց նորմալ չափից գրեթե տասն անգամ ախտահարման եւ դրանցում հեղուկի քանակի պատճառով։  Որոշ ժամանակ անց կինը հղիացել է եւ տղա ունեցել։

Լուսանկարը՝ SWNS



© NEWS.am Medicine