Գիտնականները մարդու գենոմի խմբագրման նոր միջոց են մշակել

22:21   23 հոկտեմբերի, 2019

Բրոուդի ինստիտուտի գիտնականները մարդու գենոմի խմբագրման նոր միջոց են մշակել:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ միջոցը կարող է ավելի ճշգրիտ լինել, քան այսօր կիրառվող CRISPR/Cas9-ը: Ի տարբերություն CRISPR/Cas9-ի, որը խմբագրման ընթացքում կտրում է ԴՆԹ երկու թելերը, այսպես կոչված առաջնային խմբագրումն աշխատում է միայն մեկի հետ: Դա մեծացնում է մեթոդի անվտանգությունն ու հնարավորություն տալիս «վերաշարադրել» գենետիկ տեղեկությունը կամ հեռացնել ավելորդ հատվածները:

Նոր միջոցը փորձարկել են մարդկանց եւ մկների բջիջների վրա: Գիտնականները 175 խմբագրում են կատարել: Առաջնային խմբագրմամբ հաջողության հավանականությունը կազմել է 20%-50%, իսկ սխալի ռիսկը՝  1%-10%: Իսկ CRISPR/Cas9-ի հաջողության ցուցանիշները՝ մոտ 10%, սխալի ռիկսը՝ ավելի բարձր:

Նոր միջոցը թույլ է տալիս ուղղել հայտնի մարդկային մուտացիաների 89%-ը, որոնք հանգեցնում են տարբեր հիվանդությունների զարգացմանը: Չնայած հուսադրող արդյունքներին՝ մշակողները խոստովանոմ են, որ մինչ դրա կիրառումն անհրաժեշտ է հետազոտել հնարավոր կողմնակի էֆեկտները: 



© NEWS.am Medicine