Ստամոքսի քաղցկեղ եւ խոց առաջացնող բակտերիան ավելի կայուն է դառնում հակաբիոտիկների նկատմամբ  

17:26   24 հոկտեմբերի, 2019

H. pylori-ն բակտերիա է, որը պատասխանատու է գաստրիտի, ստամոքսի քաղցկեղի եւ խոցի զարգացման համար, այն 20 տարում 2 անգամ ավելի կայուն է դարձել հակաբիոտիկների նկատմամբ: Այս մասին գիտնականները հայտնել են Բարսելոնայում «Միավորված եվրոպացի գաստրոէնտերոլոգների շաբաթը» (UEG Week Barcelona 2019) միջոցառման ժամանակ:

Գիտնականները վերլուծել են եվրոպական 18 երկրներից 1232 պացիենտի բուժման մասին տվյալներ՝ ուշադրություն դարձնելով հակաբիոտիկների նկատմամբ Helicobacter pylori բակտերիայի կայունության խնդրին:

Պարզվել է, որ կլարիտրոմիցինի նկատմամբ կայունությունը մեծացել է 9,9%-ից (1998-ին) մինչեւ 21,6% (2018-ին): Մեծացել է նաեւ այդ բակտերիաների կայունությունը լեւոֆլոկսացինի եւ մետրոնիդազոլի նկատմամբ:

Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ դրանց ռեզիստենտության տարածվածությունն ավելի մեծ է Իտալիայի հարավում, Խորվաթիայում եւ Հունաստանում: Այդ երկրներում տարածված է հակաբիոտիկների ոչ ռացիոնալ կիրառում, օրինակ, վիրուսային ռեսպիրատոր հիվանդությունների ժամանակ, ինչն էլ նպաստում է հակաբիոտիկակայունության տարածմանը:



© NEWS.am Medicine