Գիտակցվածության մեդիտացիան ուժեղացնում է պսիլոցիբինի դրական էֆեկտը. հետազոտություն

13:12   25 հոկտեմբերի, 2019

Վերջին տարիներին վերականգնվել է հետաքրքրությունը դասական հոգեմետների կլինիկական կիրառումների հանդեպ դեպրեսիայի եւ տագնապահարույց խանգարումների բուժման համար: Ցյուրիխի համալսարանի հետազոտողները պարզել են, որ գիտակցվածության մեդիտացիան կարող է ուժեղացնել պսիլոցիբինի մեկանգամյա դեղաչափի դրական երկարաժամկետ էֆեկտը, որը արունակվում է մի քանի սնկերում, հայտնում է MedicalXpress-ը:

Հալյուցինագենները, ինչպիսին են ԼՍԴ-ն կամ պսիլոցիբինը՝ «կախարդական սնկերի» ակտիվ բաղադրիչը, փոխում են նրանց ընկալումը, ովքեր այն ընդունում են: Իր եւ աշխարհի միջեւ սահմանները սկսում են տարրալուծվել, եւ առաջանում է երանության ու միասնականության զգացում: Ինքնահաղթահարման եւ ինքնակենտրոնացման նվազման այսպիսի ապրումները նման են գիտակցվածության մեդիտացիայի ապրումներին: Դրանք կարող են նվազեցնել սթրեսը, առաջացնել մշտական երջանկության զգացում եւ մեծացնել կարեկցանքն ու ալտրուիզմը: Իր վրա չափազանցված կենտրոնացվածությունը, իր մասին պարբերաբար առաջացող բացասական մտքերն ու զգացումները եւ խախտված սոցիալական փոխգործակցությունները, հակառակը, հոգեկան խանգարումների հատկանշական նշաններ են, ինչպիսին դեպրեսիան է:

Ցյուրիխի Համալսարանական հոգեբուժական հիվանդանոցի հետազոտողներն առաջին անգամ ուսումնասիրել են գիտակցվածության մեդիտացիայի եւ պսիլոցիբինի համակցության պոտենցիալ սիներգետիկ էֆեկտները: Գիտնականները ներգրավել են մեդիտացիայի 40 փորձագետի: Հետազոտության ժամանակ մասնակիցներին ներարկել են կա՛մ պսիլոցիբինի մեկանգամյա դեղաչափ, կա՛մ պլացեբո:

Օգտագործելով տարբեր հոգեչափական եւ նեյրոկոգնիտիվ չափումներ՝ հետազոտողները կարողացել են պարզել, որ գիտակցվածության մեդիտացիան ուժեղացնում է պսիլոցիբինի դրական էֆեկտը՝ միաժամանակ հակազդելով հոգեմետ փորձի հնարավոր դիսֆորիկ ռեակցիաներին:

Քառամսյա հետազոտությունների ընթացքում մեդիտացիա կատարող փորձագետները, որոնց պսիլոցիբին են տվել, ցույց են տվել հոգեսոցիալական գործառնության ավելի բարենպաստ փոփոխություններ, լավագույն ինքնագնհատական եւ ավելի մեծ կարեկցանք, քան պլացեբո ընդունած հսկիչ խումբը:

Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ մեդիտացիայի խորությանը զուգահեռ՝ մասնակիցների անկեղծությունն ու լավատեսությունը նպաստել են պսիլոցիբինին դրական պատասխանելուն: Միաժամանակ, հմտությունները, որոնք մարզվում են գիտակցվածության մեդիտացիայի ժամանակ, ինչպես՝ ուշադրության կարգավորումը եւ զգացումների վերագնահատումը, ըստ երեւույթին, զսպում են պսիլոցիբինի նկատմամբ բացասական ռեակցիաները:

«Մեր արդյունքները լույս են սփռում մտքի հոգեմետ վիճակներում դեղագործական եւ էքստրադեղագործական գործոնների միջեւ փոխգործակցության վրա,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը: - Դրանք մատնացույց են անում այն, որ ուշադրության մարզումները ուժեղացնում են պսիլոցիբինի մեկանգամյա դեղաչափի դրական էֆեկտները եւ կարող են մեծացնել էմպատիան ու ընդմիշտ նվազեցնել  եսակենտրոնությունը: Սա նոր թերապեւտիկ հնարավորություններ է բացահայտում, օրինակ՝ դեպրեսիայի բուժման համար»:



© NEWS.am Medicine