Ի՞նչ քանակությամբ կոճապղպեղը կարող է առողջության համար վտանգավոր լինել

15:29   28 հոկտեմբերի, 2019

Կոճապղպեղն այսօր հայտնի մթերք է, սակայն այն մեծ քանակությամբ օգտագործել խորհուրդ չի տրվում: Գերմանացի մասնագետները պատմել են, թե ի՞նչ քանակությամբ կոճապղպեղը կարող է առողջության համար վտանգավոր լինել:

Մասնագետների խոսքով՝ օրական խորհուրդ է տրվում օգտագործել ոչ ավելի, քան 2-4 գրամ կոճապղպեղ, նույնիսկ եթե առողջական խնդիրներ չունեք: Իսկ եթե նման խնդիրներ կան, ապա կոճապղպեղ օգտագործելու դեպքում պետք է խորհրդակցեք ձեր բուժող բժշկի հետ:

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ մեծ քանակությամբ կոճապղպեղ օգտագործելու դեպքում.

Ստամոքսի խնդիրներ

Չափից շատ կոճապղպեղ օգտագործելը կարող է ստամոքսի հետ կապված խնդիրներ, մասնավորապես, այրոց առաջացնել: Ուտելուց հետո կոճապղպեղի թեյը կարող է նվազեցնել որովայնի փքվածությունն ու լավացնել մարսողությունը, սակայն, միեւնույն ժամանակ, կարող է հանգեցնել ստամոքսաթթվի արտազատմանը:

Արյան ջրիկացում

Կոճապղպեղն արյունը ջրիկացնելու հատկություն ունի: Դրա օգտագործման նկատմամբ պետք է զգուշավորություն ցուցաբերեն նրանք, ովքեր պետք է վիրահատության ենթարկվեն կամ արդեն վիրահատվել են: Եվ քանի որ կոճապղպեղն արյունը ջրիկացնելու հատկություն ունի, այն կարող է վտանգավոր հետեւանքներ առաջացնել, օրինակ՝ արնահոսություն: Բացի այդ, համարվում է, որ կոճապղպեղը կարող է ուժգնացնել դաշտանային սպազմները: Ինչպես նաեւ, խորհուրդ է տրվում կոճապղպեղը բացառել օրաբաժնից հղիության ընթացքում: 



© NEWS.am Medicine