Նոր պատվաստանյութը ցույց է տվել տուբերկուլյոզի ակտիվ ձեւի դեմ արդյունավետությունը

23:49   30 հոկտեմբերի, 2019

M72/AS01E փորձարարական պատվաստանյութը, որը մշակել է GlaxoSmithKline ընկերությունը, ցույց է տվել տուբերկուլյոզի ակտիվ ձեւի դեմ իր արդյունավետությունը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ պատվաստանյութը փորձարկել են Աֆրիկայում 3600 կամավորի վրա՝ առանց ախտանիշների տուբերկուլյոզի լատենտային ձեւով: Դեպքերի 50 տոկոսում պատվաստանյութն օգնել է կանխել հիվանդության ակտիվացումը: Արդյունքը պահպանվել է 2 տարի:

Այսօր արդեն տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութ գոյություն ունի, սակայն այն այդքան արդյունավետ չէ եւ ցուցված է միայն փոքր երեխաներին: Գիտնականներն այժմ աշխատում են պատվաստանյութի վրա, որն արդյունավետ կլինի նաեւ մեծահասակների համար:

Նոր պատվաստանյութը կազմված է մանրէներից վերցված սպիտակուցներից, որոնք օրգանիզմին թույլ են տալիս իմունային պատասխան մշակել:

Փորձի շրջանակում կամավորների կեսին երկու չափաբաժին պատվաստանյութ են ներարկել, մյուսներին՝ պլացեբո: Նրանց հետեւել են 3 տարի: Հիմնական խմբում 13 մարդ եւ հսկողական խմբում 26 մարդ փորձի վերջում տուբերկուլյոզ են ստացել:

Չնայած նրան, որ 50 տոկոս արդյունավետությունը տպավորիչ արդյունք չէ, այդ ցուցանիշը հուսադրող է եւ կարող է իրապես փոխել աշխարհում իրավիճակը:



© NEWS.am Medicine