Իմպլանտների համար նոր նյութը կարող է ոչնչացնել մանրէները առանց հակաբիոտիկների

14:14   2 նոյեմբերի, 2019

Ռուսաստանի «ՄԻՍիՍ» ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի գիտնականները եվրոպացիա եւ ամերիկացի գործընկերների հետ համատեղ նոր նյութ են մշակել բժշկական իմպլանտների համար, որոնք հեշտացնում են կոտրվածքներից հետո վերականգնումը:

«Ռոսիյսկայա գազետա»-ի հաղորդմամբ՝ նոր նյութի մեջ օգտագործվում են պլատինի եւ երկաթի նանոմասնիկներ, որոնց շնորհիվ արհեստական ոսկորը կարող է ոչնչացնել մինչեւ 98 տոկոս վնասակար մանրէներ: Իսկ դա նշանակում է, որ նման իմպլանտների օգտագործման դեպքում վիրահատությունից հետո վարակի զարգացման ռիսկը զգալիորեն նվազում է:

Ըստ վիճակագրության՝ իմպլանտի տեղադրումից հետո 1-4 տոկոս դեպքերում բակտերիալ վարակ է առաջանում: Իսկ բարդ կոտրվածքի դեպքում վարակի զարգացման ռիսկը մեծանում է մինչեւ 30 տոկոս: Ավանդաբար վարակի դեմ պայքարի համար հակաբիոտիկներ են կիրառվում: Սակայն միշտ կան ռիսկեր, որ վարակը կարող է կայուն լինել հակաբիոտիկի նկատմամբ կամ կարող է ալերգիկ ռեակցիա առաջանալ: Որոշ դեպքերում վարակի պատճառով կրկնակի վիրահատություն է պահանջվում:

Նանոմասնիկներով նոր նյութը 8-12 ժամվա ընթացքում ոչնչացնում է իրեն շրջապատող վնասակար մանրէների 98 տոկոսը: Այն կարող է պայքարել ստաֆիլոկոկկի, աղիքային ցուպիկի, Klebsiella թոքաբորբի դեմ: Կարեւոր է, որ այդ դեպքում լիմֆոցիտներն ու իմունային համակարգը չեն տուժում:

Մոտ ժամանակներս գիտնականները մտադիր են կենդանիների վրա փորձարկել նոր իմպլանտները: 



© NEWS.am Medicine