Կինը ճանկռվածքի պատճառով հայտնվել է կոմայի մեջ եւ հազիվ փրկվել մեռնելուց

09:44   4 նոյեմբերի, 2019

65-ամյա Շիռլի Հեյրը անգլիական Բրիսթոլ քաղաքից Չան անունով կատվի ճանկռելու պատճառով կոմայի մեջ է ընկել եւ հազիվ ողջ մնացել։

Ինչպես ներկայացնում է Daily Star-ը, կինն աշխատում էր իր այգում, երբ սիամական կատուն ճանկռել է նրան, եւ վերքի մեջ բակտերիալ վարակ է անցել։ Շուտով ճանկռվածքը խիստ կարմրել է, եւ Շիռլիի ինքնազգացողությունը վատացել է. նրա գլուխը պտտվում էր, ախորժակ չուներ, մկանները ցավում էին։ Մի քանի օր հետո վնասված ձեռքը սկսել է սեւանալ։

Շիռլիին հոսպիտալացրին սեփսիս, սեպտիկ շոկ, ներքին օրգանների կանգ, թոքաբորբ եւ նեկրոտիկ ֆասցիիտ (վարակ, որն առաջ է գալիս Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens մանրէներից) ախտորոշմամբ։ Բժիշկները ստիպված էին նրան արհեստական կոմայի մեջ գցել 5 օրով եւ անդամահատել ձեռքի վնասված մասը։ Ընդհանուր առմամբ Շիռլին հիվանդանոցում անցկացրեց ավելի քան 2 ամիս։

Կինը լրագրողներին պատմել է, որ Չանին գնել է 400 ֆունտով, երբ կատուն 9 ամսական էր։

«Նա երբեք բարի չի եղել եւ հարձակվել է վրաս ցանկացած հարմար պահի,- նշել է թոշակառու կինը։- Տարիքի հետ Չանն ավելի ագրեսիվ էր դառնում»։

Հիվանդանոցից դուրս գրվելով՝ Շիռլին կատվին տվել է իր դուստրերից մեկին, քանի որ կատարվածից հետո նրան այլեւս տեսնել չէր կարող։



© NEWS.am Medicine