Օրվա ո՞ր ժամին է ավելի ճիշտ սուրճ խմելը

20:10   4 նոյեմբերի, 2019

Կոֆեինի կեսի ազդեցության անկման շրջանը կազմում է մոտ 4-6 ժամ, հավաստիացնում են Մթերքների եւ դեղերի վերահսկողության ամերիկյան վարչության (FDA) մասնագետները։ Դա կարող է բացատրել, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում քնել գիշերը, եթե ցերեկը սուրճ են խմել։

Եվ այսպես, օրվա ո՞ր ժամին է ավելի ճիշտ սուրճ խմել, որպեսզի առաջ չգա որեւէ խնդիր։

Սուրճ օգտագործելուց մոտ 14-45 րոպե հետո մարդիկ սովորաբար սկսում են զգալ կոֆեինի առույգացնող էֆեկտը։ Բայց օրգանիզմին ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի կոֆեինը լիովին «քայքայվի»։ Դա նշանակում է, որ կոֆեինի մոտ կեսը կիրառումից հետո դեռեւս գտնվում է արյան մեջ։

Մասնագետների խոսքով, եթե մարդն առավոտյան ժամը 10-ին սուրճ է խմում, որի մեջ 100 մգ կոֆեին կա, երեկոյան ժամը 10-ին նրա օրգանիզմում մնում է մոտ 25 մգ ակտիվ կոֆեին։ Եթե սուրճը խմես 16.00-ին, ապա 6 ժամ անց արյան մեջ կմնա մոտ 50 մգ կոֆեին, անգամ ավելի, քան էներգետիկ ըմպելիքում։

Մասնագետների խոսքով՝ բոլոր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում կոֆեինին։ Կոֆենի հանդեպ զգայականության եւ այն բանի վրա, թե որքան արագ կարող է մարմինը քայքայել այդ նյութը, ազդում է տարիքը։ Բացի այդ, կոֆեինի հանդեպ զգայականությունը կախված է այն բանից, թե որքան հաճախ է այն կիրառվում. կանոնավոր ընդունելու դեպքում օրգանիզմը դրան վարժվում է։

Կոֆեինի ազդեցությունը քնի վրա նույնպես անհատական է. ինչ-որ մեկին այն կարող է խանգարել, ինչ-որ մեկին՝ ոչ։

«Եթե քնելու հետ կապված խնդիրներ չունեք, եւ գիշերվա քնից հետո ձեզ լավ հանգստացած եք զգում ողջ օրվա ընթացքում, դուք կարող եք սուրճ խմել նաեւ օրվա վերջում»,- ասել է Կալիֆոռնիայի UC Davis Health-ի դոցենտ, դոկտոր Սամփաթը։

Հակառակ դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել վերջին գավաթ սուրճը քնելուց առնվազն 8-10 ժամ առաջ։ Իսկ քնի հետ կապված խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տրվում լիովին հրաժարվել սուրճից։



© NEWS.am Medicine