Ալերգիայով տառապող երեխաները հետագայում ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում. հետազոտություն

09:48   6 նոյեմբերի, 2019

Ալերգիայով տառապող երեխաները հետագայում ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հյուսիս-արեւմտյան համալսարանի գիտնականները: Նրանց տվյալներով՝ ալերգիայով տառապող երեխաները երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում:

Վերլուծելով մինչեւ 17 տարեկան ավելի քան 13 000 երեխայի մասին տվյալներ, գիտնականները պարզել են, որ ասթմայով եւ խոտի տենդով տառապող երեխաների մոտ բարձր է եղել խոլեսթերինի մակարդակը: Բացի այդ, մեծացել է հիպերտոնիայի զարգացման ռիսկը: Դա կարող է սրտի ավելի լուրջ խնդիրների հանգեցնել, երբ երեխաները մեծանան:

«Ալերգիայով տառապող երեխաները հետագայում երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում»,- նշել է հետազոտական խմբի ղեկավար Ջոնաթան Սիլվերբերգը:

Նրա խոսքով՝ ստացված տվյալները հիմք են տալիս կարծելու, որ ասթման եւ խոտային տենդը մեծացնում են բորբոքման մակարդակը, ինչը բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա: Գիտնականը նշել է, որ մանկաբույժները պետք է հաշվի առնեն ալերգիկ հիվանդություններով երեխաների մոտ սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը:  



© NEWS.am Medicine