Մեքենայական ուսուցման գործիքները կարող են կարեւոր դեր խաղալ քաղցկեղային հիվանդությունները եւ դրանց բուժման մեթոդները հետազոտելիս, այդ գործիքների օգնությամբ կարելի է կանխատեսել քաղցկեղի դեմ դեղերի արդյունավետությունը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ֆիլիպ Մերթինսը Max Delbrück Center for Molecular Medicine in the Helmholtz Association-ից։
Բժիշկ Մերթինսը գործընկերների հետ ուսումնասիրում է հիվանդությունների զարգացման կենսաբանական մեխանիզմները սպիտակուցների հետազոտման միջոցով։ Սպիտակուցներն առանցքային դեր են կատարում քաղցկեղային հիվանդությունների առաջացման գործում, եւ դեղերի մեծ մասն էլ ուղղված է հենց սպիտակուցները պարզելուն։ Ուստի, դրանց ուսումնասիրությունն այդքան կարեւոր է ե՛ւ քաղցկեղի զարգացման մեխանիզմները հասկանալու, ե՛ւ դրա դեմ պայքարի նոր մեթոդներ ստեղծելու համար։
«Պացիենտները կլինիկաներում սովորաբար ստանում են շատ տարբեր դեղեր, եւ երբեմն դժվար է հասկանալ, թե դրանցից որն է իրականում օգնում պացիենտին։ Իսկ եթե մեկուսացվեն դեղ-ուռուցք համադրումները մոդելներում, ավելի հեշտ կլինի հասկանալ, թե որ դեղն է իսկապես արդյունավետ։ Կարելի է նաեւ գտնել նոր մարքերներ, որոնք կկարողանան գուշակել՝ արդյո՞ք դեղն արդյունավետ կաշխատի տվյալ պացիենտի համար, թե՞ ոչ»,- ասել է մասնագետը։
Մանրամասները՝ տեսահարցազրույցում։