19 տարում առաջին անգամ հայտնաբերվել է մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նոր շտամ

16:32   7 նոյեմբերի, 2019

Abbott Laboratories-ի գիտնականները, Միսուրիի, Քանզաս Սիթիի համալսարանի հետ համատեղ, հայտնաբերել են մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) նոր շտամ։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը, նոր շտամը ՄԻԱՎ-1 վարկածի M խմբի՝ վիրուսային ենթատիպերի ընտանիքի մասն է, որն առաջ է բերում ՄԻԱՎ գլոբալ համավարակ։

Գիտնականների խոսքով՝ անհանգստանալու առիթ չկա, քանի որ բուժման ժամանակակից մեթոդներն արդյունավետ են նոր շտամի դեմ։ Այնուամենայնիվ, նոր շտամի հայտնաբերումը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչպես է առաջանում ՄԻԱՎ-ը։ Իսկ հետագայում դա կարող է թույլ տալ մշակել ՄԻԱՎ-ի ախտորոշման ավելի ճշգրիտ մեթոդիկա։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 36,7 մլն մարդ ապրում է ՄԻԱՎ-ով։ Դիտարկումների ողջ ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մոտ 70 մլն մարդ, նրանցից 35 միլիոնը մահացել է։

Լուսանկարը՝ Maureen Metcalfe, Tom Hodge/CDC via AP



© NEWS.am Medicine