Հայաստանում դեռահասների կեսից ավելին տեղյակ չէ ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհների եւ կանխարգելման միջոցների մասին

15:55   9 նոյեմբերի, 2019

15-17 տարեկան դեռահասների մեծ մասը դպրոցում անցնում է «Առողջ կենսակերպ» կոչվող դաս, սակայն նրանց շրջանում սեռական վարակների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհների եւ կանխարգելման միջոցների մասին անհրաժեշտ գիտելիքներն անբավարար են: Դեռահասների գրեթե կեսը չգիտի, թե ՄԻԱՎ վարակն ինչպես է փոխանցվում:

«Արաբկիր» բժշկական կենտրոնին առընթեր Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի արդյունքներ են ստացվել վերջերս անցկացված «Հայաստանում դպրոցական տարիքի երեխաների առողջության հանդեպ վարքագիծը» հետազոտության ժամանակ: Այս հետազոտությունն անցկացում են 4 տարին մեկ 10-17 տարեկան երեխաների շրջանում, սակայն սեռական կյանքի մասին հարցեր են տվել միայն 15 եւ 17-ամյա դեռահասներին:

Հարցումների ժամանակ 15-ամյա տղաների 27 տոկոսը եւ նույն տարիքի աղջիկների 0,8 տոկոսը խոստովանել են, որ արդեն սեռական փորձ ունեն: 17-ամյա դեռահասների շրջանում սեռական փորձ ունեին արդեն տղաների 43 տոկոսը եւ աղջիկների 1,2 տոկոսը: Ավելին՝ տղաների 25 տոկոսը եւ աղջիկների 8 տոկոսը, որոնք սեքսով են զբաղվել, դրանից առաջ ալկոհոլ են օգտագործել:

Ընդ որում՝ ինչպես ցույց է տվել հետազոտությունը, 15-17-ամյա դեռահասների շրջանում հակաբեղմնավորիչների մասին գիտելիքներն անբավարար էին. տղաների միայն 69 տոկոսը եւ աղջիկների 26 տոկոսն է առաջին փորձի ժամանակ օգտագործել պահպանակ: Սա զգալիորեն ավելի քիչ է, քան ըստ 2009-2010 եւ 2013-2014 թվականների հարցումների:

Ինչ վերաբերում է ՄԻԱՎ վարակի փոխանցման մասին գիտելիքներին, դեռահասներին տրվել է 6 հարց, որոնց բոլորին ճիշտ է պատասխանել 15-ամյաների միայն 17 տոկոսը եւ 17-ամյաների 13 տոկոսը: Հետազոտության հեղինակների խոսքով՝ սա տագնապահարույց ցուցանիշ է:

15-ամյաների միայն 37 տոկոսը եւ 17-ամյաների 53 տոկոսը գիտի, որ պահպանակի ճիշտ օգտագործումը նվազեցնում է ՄԻԱՎ վարակով վարակվելու հավանականությունը: 15-ամյա դեռահասների 41 տոկոսը գիտի, որ մարդը կարող է առողջ թվալ եւ ՄԻԱՎ վարակ ունենալ: 38 տոկոսը գիտի, որ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում ձեռքսեղմամբ: Սակայն 15-ամյաների 19 տոկոսը եւ 17-ամյաների 18 տոկոսը կարծում է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել համատեղ սնունդ ընդունելու ժամանակ:

Դեռահասների 41-50 տոկոսը ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհների մասին պատասխանել է՝ «չգիտեմ»:

Հատկանշական է, որ 15-ամյա դեռահասների շրջանում ավելի շատ սխալ պատասխաններ են տվել քաղաքներում ապրողները, իսկ 17-ամյաների շրջանում՝ գյուղաբնակները:

2013-2014 թվականների համեմատությամբ՝ «Առողջ կենսակերպ» դասն ավելի մեծ թվով երեխաներ են անցել (հարցվածների մոտ 85 տոկոսը), բայց նրանք ավելի քիչ գիտելիքներ ունեն, քան նախորդ հետազոտությունների ժամանակ հարցվածները: Հետազոտության հեղինակների խոսքով՝ սա ցույց է տալիս, որ այս կարեւորագույն թեմաները, հնարավոր է, դպրոցներում սխալ են մատուցում, եւ այս հարցը պետք է վերանայել:



© NEWS.am Medicine