Google-ը գաղտնի օգտատերերի բժշկական տվյալնե՞ր է հավաքում

21:30   12 նոյեմբերի, 2019

Google ընկերությունը գաղտնի տվյալներ է հավաքել միլիոնավոր մարդկանց առողջական վիճակի մասին, որոնք ապրում են ԱՄՆ 21 նահանգներում։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները։

Նրանց տվյալներով՝ ոչ պացիենտները,  ոչ անգամ բժիշկները տեղեկացված չեն եղել, որ Google-ը բժշկական տվյալներ է հավաքում, ներառյալ անունները եւ ծննդյան թվերը, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, բժիշկների ախտորոշումները եւ հոսպիտալացման գրառումները եւ այլն։

The Wall Street Journal թերթի տվյալներով՝ տվյալների հավաքումն իրականացվում է Project Nightingale («Սոխակ նախագիծ») նախագծի շրջանակում։ Տեղեկացվում է, որ Google-ի մոտ 150 աշխատակիցներ կարող էին հավաքվող բժշկական տվյալների մուտքի իրավունք ունենալ։ Ավելին, երկյուղներ կան, որ ընկերության որոշ աշխատակիցներ կարող էին բեռնել այդ տվյալների մի մասը։

Googleը տեղեկացնում է, որ բժշկական ծառայությունների պրովայդերները փոխանակում են գերզգայուն բժշկական գրառումներ տեխնիկական աշխատակիցների հետ, ստորագրված համաձայնագրերի համապատասխան, եւ դա սովորական գործելակերպ է։ Ascension-ի եւ Google-ի միջեւ ստորագրվել է հենց այդպիսի համաձայնագիր, որի շրջանակում Google-ը ստեղծում է գործիքներ բժշկական այդ կազմակերպության համար։ Միեւնույն ժամանակ, ընկերությունը հավաստիացնում է, որ պացիենտների տեղեկացում՝ նման դեպքերում նրանց տվյալներն օգտագործելու համար, չի պահանջվում։

Google-ի ներկայացուցիչը հերքել է հայտարարությունները, թե ընկերությունը գաղտնի է հավաքել միլիոնավոր պացիենտների բժշկական տվյալները։ Նրա խոսքով՝ նման համաձայնագրի միակ նպատակը ծառայությունների մատուցումն է բժշկական կազմակերպությանը. Project Nightingale-ի շրջանակում Google ընկերությունն օգտագործում է տվյալներ Ascension համակարգից՝ ծրագրային ապահովում մշակելու համար, որը կօգնի անհատական մոտեցում ընտրել պացիենտների համար՝ «առաջավոր արհեստական բանականության» եւ «մեքենայական ուսուցման» օգտագործմամբ։



© NEWS.am Medicine